«Ավելի լավ է գետինը մտնեն. հող հանձնելու համար գեներալի կոչում են ստացել». Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանն այն կարծիքին է, որ մինչև 2020թ. Հայոց բանակը եղել է մարտունակ, իսկ 2020 թվականից հետո գործող իշխանություններն իրենց առաջ բանակը քանդելու նպատակ են դրել:

«2020թ. այս կողմ մարդիկ մեր երկրի ողնաշարը համարում են ոչ թե բանակը, այլ ոստիկանական զորքերը: Հզոր բանակ ունենալու համար պետք է հզոր ռազմաքաղաքական ղեկավարություն լինի, հզոր վարչապետ լինի, հզոր ԳՇ պետ լինի, որը չունենք: Ներկայիս պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պարզապես նշանակված մարդիկ են, որոնք բանակը քանդում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա:

Անդրադառնալով ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե այսօր դուխով խոսքը խելոք մնալն է, նա նշեց, որ ԵԿՄ-ն այլևս չի ճանաչում:

«Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր իրենց արժանի տեղն ունեն ԵԿՄ-ում, ովքեր Մանվել Գրիգորյանի դպրոցն անցել են, բայց ներկայիս ԵԿՄ հրամանատարն իրավունք չունի նման հայտարարություն անելու: ԵԿՄ-ն մի կառույց է, որ պետք է կարողանա դուխով ժողովրդի հետ խոսել, մատ թափ տա Ալիևի վրա, վախեցնելով, որ Մանվել Գրիգորյանի ԵԿՄ-ի հետնորդներն են, ովքեր հասնում էին Բաքու, Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով նրանց կանգնեցրին: Այսօր չունենք ԵԿՄ, օրինակ՝ Նոյեմբերյանի ճանապարհը փակելու ժամանակ զբաղված էին ժողովրդի վրա ուազիկ քշելով»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ Ալիևը պատահական չէր, որ Տավուշից սկսեց, այսպես կոչված, սահմանազատումը. «Երրորդ բանակային կորպուսի ամրաշինական կառույցները լավագույնն են եղել: Ալիևը մեր թուլությունից օգտվելով՝ ասաց, որ՝ պետք է երրորդ բանակային կորպուսի առաջնագիծը կազմալուծեմ, և իր մոտ ստացվեց: Ցավում եմ, որ այդ դիրքերը կազմալուծեցին»:

Նա նշեց, որ Տավուշում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ սահմանազատումը չեն սկսում այն կետից, որտեղ թշնամին մտել, օկուպացրել է, իսկ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Տավուշից հետո գնալու են Ջերմուկ. «Բա հիմա ինչո՞ւ չեք գնում: Նորի՞ց խաբեցիք: Պարզվեց, որ երկրորդ փուլը նորից Տավուշում են անում, քանի որ Ադրբեջանը պահանջում է Տավուշը: Տգետ մի քանի հոգի գեներալի կոչում ստացան այդ ֆոնին: Ավելի լավ է գետինը մտնեն, քան հպարտորեն ասեն՝ գեներալի կոչում են ստացել: Իրենց թոռները որ հարցնեն՝ պապի, ինչի՞ համար ես գեներալի կոչում ստացել, ասելու են՝ հող հանձնելու համա՞ր եմ ստացել»:

Նա հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին և Մհեր Գրիգորյանին՝ արդյո՞ք Կիրանցից Ոսկեպար մտնող ճանապարհը տալու եք թուրքին, թե՞ ոչ.

«Կիրանցից Ոսկեպար ճանապարհը եթե չեք տալու, հայտարարեք, ես ուրախ կլինեմ, որ չտան: Եթե չկա նման բան, հակադարձեք: Այդ տարածքը տալուց հետո Ոսկեպարը դառնալու է անկլավ, ժողովուրդն այդտեղ չի ապրելու: Տարբեր խողովակներով ժողովրդին փորձում են կերակրել, թե Արծվաշենը վերադարձնելու են, բայց Ալիևը մի կտոր հող չի տալու մեզ, մի քայլ հետ չի գնալու, մեզ անընդհատ պարտադրելու է: Հիմա էլ ստիպում է բանակը կազմալուծել, որ խաղաղության պայմանագիր կնքեն, բայց աշխարհում նման բան չկա, թույլի հետ ոչ ոք խաղաղության պայմանագիր չի կնքում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս