Հարցվածների 84 տոկոսը դեմ է տրանսպորտի թանկացմանը, 30,6 տոկոսը կարծում է, որ Երևանի ամենակարևոր խնդիրը տրանսպորտի գնի բարձրացումն է. GALLUP
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց Երևանի հիմնախնդիրների մասին հունվարի 9-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Gallup-ի հարցման արդյունքները։
Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը, ըստ հարցված երևանցիների 32,2 տոկոսի, հասարակական տրանսպորտի խնդիրն է, իսկ 30,6 տոկոսի կարծիքով՝ տրանսպորտի գնի թանկացումը։
«Բոլորովին նոր խնդիր նշվել է տրանսպորտի գնի բարձրացումը՝ 30,6 տոկոսը։ Ճանապարհների վատ վիճակը նշել է 25,7 տոկոս, կրկնակի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ։ Եվս մեկ նոր խնդիր նշվել է տրանսպորտի վճարման նոր համակարգը։ 23,5 տոկոսը նշել է, որ դա խնդրահարույց է։ 21,5 տոկոսը բնապահպանական խնդիրն է նշել, որը նույնպես աճ է գրանցել»,- մանրամասնեց նա։
Իսկ թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում տրանսպորտի գնի փոփոխությանը՝ հարցին՝ պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝ լիովին դրական նշել է 2․0 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 11․4 տոկոսը, ավելի բացասական՝ 15,2 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 68,7 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 2,6 տոկոսը։
Այսինքն՝ 83,9 տոկոսը կամ շուրջ 84 տոկոսը դեմ է տրանսպորտի գնի փոփոխությանը։
Հարցվածների 60 տոկոսից ավելին դժգոհել է նաև տրանսպորտի վճարման նոր համակարգերից։