Այո, գուցե որոշ բաներ ձեզ դուր չեն գալիս, բայց ինչպե՞ս կարող եք Սերժ Սարգսյանին թիրախավորել, որն ընդդիմադիր դաշտում վճռական դեր է խաղում. Վահան Բաբայան
Իշխանափոխության նպատակով Հայաստանում կարող է համախմբում տեղի ունենալ անգամ առանց կուսակցությունների. փոխվել են ժամանակները, հիմա արդեն ակտուալ չեն քաղաքական պրոցեսները միայն քաղաքական կուսակցությունների շուրջ համախմբումով պայմանավորելը, որովհետև, եթե կա մի լիդեր, որը ցանկանում է Հայաստանում իշխանափոխություն անել, նա դա կարող է անել՝ առանց ընդդիմադիր ուժերի համախմբման. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը:
«Դա արհեստական օրակարգ է և անցյալ էտապ, որն այլևս չի գործում։ Դա կարևոր չէ, կարևոր է, սակայն, ընդդիմադիր քաղաքական դաշտում կատարվողը. այստեղ կա ութոտնուկի նման մի համակարգ, որն ունի տարբեր ոտքեր. օրինակ՝ Անդրանիկ Թևանյան, որը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրում է սորոսական լինելու մեջ։ Սա աբսուրդ է և հիբրիդային պատերազմ է մի մարդու դեմ, որն ազատագրել է Շուշին, կայացրել բանակը, ղեկավարել Հայաստանի բանակը, 2016 թվականին կանգնեցրել ադրբեջանական ագրեսիան։ Այո, գուցե որոշ բաներ ձեզ դուր չեն գալիս, բայց ինչպե՞ս կարող եք Սերժ Սարգսյանին թիրախավորել, որն ընդդիմադիր դաշտում վճռական դեր է խաղում»,- ասաց Բաբայանը։
Հարցին՝ ինչո՞ւ այս փուլում թիրախավորվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, Վահան Բաբայանը պատասխանեց.
«Մոտենում են ընտրություններ. մինչև ընտրություններ ընկած մեկ տարին այդ թևն օգտագործում է դիվիդենտ հավաքելու համար, որովհետև Սերժ Սարգսյանի թիմի վերադարձն իրենց տերերին դուր չի գալիս, ուստի ինչպես 2018 թվականին էին մերժում Սերժ Սարգսյանին, այնպես էլ նույնն անում են հիմա…»,- ասաց Վահան Բաբայանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։