«Իշխանությունն առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ՝ թքած ունի երկրի անվտանգության վրա». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ սպասվող սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։
Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց է:
«Փաստացի ադրբեջանական ցանկությունը ձևակերպվեց՝ որպես երկկողմ համաձայնություն, և ՀՀ առաջնահերթությունները հերթական անգամ ստորադասվեցին ադրբեջանական քմահաճույքներին: Խոսքն առաջին հերթին Տավուշի մարզում գտնվող, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնց հանձնումը խնդիրներ է առաջացնում և միջազգային իրավունքի, և ՀՀ օրենսդրության, ինչպես նաև՝ մեր երկրի կենսունակության տեսանկյունից: Այսպես կոչված, անկլավների թեման պետք է քննարկվի միևնույն փաթեթում, որտեղ, ի թիվս ադրբեջանական պահանջների, նաև ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արծվաշենն է: Սա բխում է դեմարկացիայի տրամաբանությունից և միջազգային իրավունքի տեսանկյունից ընկալելի մոտեցում է»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Շարունակելով, ընդդիմադիր պատգամավորը նաև ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունն ադրբեջանական սպառնալիքների ներքո շարունակում է անտեսել դեմարկացիայի կարևոր դրույթներից մեկը՝ բանակցության էլեմենտը, որը ենթադրում է միջազգային պրակտիկայի և սկզբունքների շրջանակներում առաջ եկող փոխանակման դրույթը, ինչը հիմնված է կողմերի կենսական շահերի և ենթակառուցվածքների պահպանման վրա:
«2024 թվականին, Տավուշի ուղղությամբ իրականացվող գործընթացի և հայտնի 4 գյուղերի հանձնման ժամանակ՝ պատճառաբանելով պրոցեսը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից չսկսելու մոտեցումը, ՀՀ իշխանությունը նշում էր, որ առաջնահերթությունը հիմնված է բնակավայրերի հանգամանքի վրա: Եթե դա էր սկզբունքը, ապա անհասկանալի է, թե ինչու այդ փուլում չճշգրտվեցին և Հայաստանին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի այն օկուպացված տարածքները, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ: Կամ ինչո՞ւ պրոցեսը զուգահեռ տեղի չունեցավ Ներքին Հանդ, Տեղ գյուղերում, կամ, օրինակ՝ Ջերմուկում: Այն, ինչ սահմանազատման անվան տակ ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պարտադրած զիջում և Ադրբեջանի պատկերացումներով իրականացվող հանձնման պրոցես»,- շեշտեց նա։
Տիգրան Աբրահամյանը նաև հիշեցրեց՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված կանոնակարգի խնդրահարույց դրույթներից մեկով սահմանված է, որ եթե որևէ հատված համաձայնեցվում է, կազմվում է սահմանի այդ հատվածի նկարագրությունը, ապա անկախ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլերից, այն համարվում է սահմանազատման և փոփոխման ենթակա չէ: «Մեծ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը սահմանազատման անվան տակ պահանջում ու ստանում է իր համար կարևոր համարվող հատվածները, իսկ հետագայում՝ իրեն հատուկ ձևով, պրոցեսը տորպեդահարելու է, իսկ հետևանքը կլինի այն, որ Ադրբեջանը կստանա այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը կստանա լրացուցիչ հանձնված տարածքներ: Իշխանությունն առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ, բարձր տոկոսներով, սակայն մեծ սպառնալիքներով, լավատեսություն է վաճառում մեր հասարակությանը՝ թքած ունենալով երկրի հեռանկարի ու քաղաքացիների անվտանգության վրա»,- իր խոսքում նշեց Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում