«Լրատվականները, նախկին նախագահները, ՀՀ քաղաքացին Նիկոլից պահանջում են հրապարակել բանակցային փաթեթները». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տված խոստումները։
«Վերջերս Փաշինանն իր գրառումները կատարում է «ինչպես խոստացել էի» հեշթեգով, այդ տրամաբանության մեջ հիշենք իր խոստումը՝ Հանրապետության հրապարակում քննարկել քաղաքացիների հետ Արցախի հակամարտության կարգավորման ուղիները։ Ինքն արդեն հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է քաղաքացիներին պատմել, թե մինչ այդ, մինչ իր աղետալի բեմելը բանակցային ի՞նչ փաթեթներ էին առկա։
Ընդ որում, եթե այս կողմում լինեն մարդիկ ու ասեն, թե նախկին նախագահները կարող են իրենք այդ ամենը հրապարակել, ասեմ՝ ոչ, այդ փաստաթղթերը գաղտնի են, իսկ ՀՀ-ում գաղտնիության գրիֆտ շնորհում է Կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ անտրամաբանական է ասել, թե այդ ամենը գաղտնի են, գաղտնի էլ պետք է մնան, քանի որ իշխանությունը պատրաստ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Լրատվականները, պաշտոնաթող նախագահները և ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել նախորդիվ բանակցային փաթեթները, այդ պահանջին միանում է նաև Հանրապետական կուսակցության ֆրակցիան՝ ևս մեկ անգամ պահանջելով հրապարակել բանակցային փաթեթները։
Ընդ որում, սիրելի քաղաքացիներ՝ պատրաստ եղեք Նիկոլ Փաշինյանի ավանդական մանիպուլյացիաներին, որովհետև նա խեղաթյուրում է նույնիսկ Մինսկի խմբի 5 հայտարարությունները՝ ասելով, թե Արցախը հանձնված էր, և այլն։ Նույնն անելու է այս դեպքում, եթե, իհարկե, հանդգնի հրապարակել այդ փաստաթղթի փաթեթները»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում