«Անգամ Ալիևն է փաստել, որ Սերժ Սարգսյանի բանակցած տրամաբանությամբ այդ տարածքները հավերժ մնալու էին հայկական». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց՝ իշխանությունը շարունակում է քաղաքացիներին ստել՝ համարելով, որ նրանք չեն հիշի, թե ինչ է տեղի ունեցել։
«Դե, այն տարբերակը՝ քարոզչական, որ փորձել, բացի ձեզանից, որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, իհարկե, ձեզ մոտ ամեն ինչ կարող է ստացվել, բայց այդ մեկն անհնար է՝ ստացվի։ Հիմա դուրս գանք փողոցում հարցնենք, թե ո՞վ է հանձնել Արցախը, բոլորը կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ քարոզչականը չի աշխատելու, ձեռք քաշեք, ուրիշ սուտ հորինեք։
Ինչ վերաբերում է «5+2»-ին, ապա պարոն Ռուբինյանը շատ լավ գիտի, ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ դա Հայաստանի համար հնարավոր ամենալավ լուծումն էր։
Հիշեցնեմ, մեր բանակցած տարբերակում Բերձորի ու Քարվաճառի փոփոխությունը տեղի էր ունենալու բացառապես կապված հանրաքվեի հետ։ Այդ իրադարձությունները փոխկապակցված էին։ Հիշեցնեմ նաև, այն վայրը, որտեղից դուք ստանում եք ձեր քաղաքական հիմնական դիրեկտիվաները, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը, հայտարարել է, երբ դուք հանձնեցիք Բերձորն ու Քարվաճառը, որ նախորդ բանակցային տրամաբանության մեջ այդ տարածքները հավերժ մնալու էին հայկական»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև ընդգծեց՝ իշխանությունն այս ամենը շատ լավ գիտի, պարզապես չի սիրում ու հարգում, որոշ դեպքերում նույնիսկ ատում է ՀՀ քաղաքացուն, որովհետև չի կարող այսքան սուտ ու աղբ լցվել քաղաքացիների վրա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում