«Ինչո՞ւ է լռում ՀՀ իշխանությունը՝ ուզում է «ծածկադմփոցը» լինի Ադրբեջանի օգտին. ազգը պետք է բռունցքվի, ղեկավարի «վզից բռնի» ու ասի՝ չի կարելի». Արցախի ժողովրդական արտիստ
Երեկ Բաքվի դատարանում մեկնարկեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով դատական նիստը, որը հայ ու միջազգային իրավապաշտպանները որակում են՝ որպես ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված դատական շոու։
Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին տրամադրված չէ միջազգային փաստաբան, նրանց իրավունքները «պաշտպանում» են միայն իշխանությունների հրահանգները կատարող ադրբեջանցի հանրային պաշտպանները։
Երեկ Երևանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին, գերիներին ազատ արձակելու համար։ Այդ պահանջով արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջագիր ներկայացրեցին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին և արտգործնախարարությանը։
Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանի խոսքով՝ այսօր Բաքվում դատվող հայ պատանդների, գերիների հարցը խիստ հրատապ է, ցավոք, ՀՀ իշխանությունն այդ հրատապությանը համարժեք չի գործում՝ առհասարակ չի գործում։ «Ինքս մասնակցել եմ այդ բողոքի ակցիաներին, իմ վրդովմունքն եմ արտահայտել։ Գիտե՞ք խնդիրը որն է, տպավորություն է, որ Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ օրվա իշխանությունների համար հայեր չեն։ Նրանց հետ ինչ տեղի կունենա, ինչ կկատարվի, այս իշխանությունների համար միևնույն է։ Ավելի ցավալին այն է, որ մեր հասարակության մեծ մասն է անտարբեր։ Հիմա մենք հրատապ շատ խնդիրներ ունենք, ուստի մեր ազգը պետք է համախմբվի, բռունցք կազմի։ Հասկանալի է, որ եթե այս իշխանությունը որևէ բան չի ցանկանում անել, ազգը պետք է բռունցքվի, ղեկավարի «վզից բռնի» ու ասի՝ չի կարելի։ Հասկանո՞ւմ եք, ախր սա մեր արժանապատվության վրա է ազդում, մեր երկրի ու ազգի վրա։ Ինքս խիստ վրդովված եմ, սա դեռ հարցի սկիզբն է, մենք չգիտենք՝ սա ինչպես կավարտվի ու ինչ տեղի կունենա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Քաջիկ Հարությունյանը։
Մեր զրուցակիցը վստահ է՝ եթե այսպես շարունակվի, ու հայ ազգը ցուցաբերի անտարբերություն, ապա ՀՀ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի կատարի ադրբեջանական պահանջները և գոհացնի թշնամուն։
«Ինչո՞ւ է լռում ՀՀ իշխանությունը, ինչո՞ւ չի ուզում այս հարցին ընթացք տալ, ուզում է այնպես անել, որ «ծածկադմփոցը» լինի Ադրբեջանի օգտին։ Չնայած նրան, որ ՀՀ իշխանությունն էլ, Ադրբեջանի իշխանությունն էլ ու առհասարակ բոլորն էլ լավ գիտեն, որ այդ ամենը շինծու գործեր են։ Հարկավոր է այս ժողովրդին արթնացնել, բայց ինչպե՞ս, դեղատոմսը չգիտեմ։ Ժողովուրդն այսօր անտարբեր է, որովհետև իշխանությունն իրեն ասում է՝ «միայն կեր, խմիր ու ման արի, հայրենասիրություն, հայրենիք՝ չկա նման բան, ամեն ինչ լավ կլինի, ոչ մի բանի մասին մի մտածեք, հես ա կգնանք Եվրոպա, որքան կարողանում եք՝ ստեք, թալանեք, մարդկանց վիրավորեք ու ապրեք, ձեզ ազատություն է տրված»։
Եթե այսպես շարունակվի, հավատացեք՝ իրատեսական չէ, որ մեր պատանդները կարող են վերադառնալ հայրենիք։ Սա մշուշ է ու ամպ, մութ է, ինքներս մեր առաջ չենք տեսնում ու առաջ շարժվենք։ Հետո աստիճանաբար ամեն ինչ ավելի է վատանալու, հետո մինչև գլխի ընկնենք, կտեսնենք՝ Հայաստան չկա, ափսոս է այս երկիրը, այս բնությունն ու օդը, ափսոս է ազգը, հատկապես ազգի խելացիները։ Երիտասարդությունը պետք է արթնանա, ապագան նրանց ձեռքում է։ Չգիտեմ, բաներ կան, որոնց շուրջ եթե շատ ես մտածում, իսկապես խելագարվում ես, ազգը պիտի արթնանա»,- ընդգծեց Քաջիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը մեկ տարուց ավելի է՝ գտնվում է ադրբեջանական գերության մեջ. Արցախի նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ադրբեջանական կողմը նրանց ապօրինաբար ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 27-ից սկսած: Նրանց տեղափոխել են Բաքու, բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ առաջադրել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։