Չինացի գեներալները ժամանակավորապես կդառնան շարքայիններ
Չինական South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ և գերագույն հրամանատար Սի Ծինփինը հրաման է արձակել, ըստ որի՝ չինական բանակի բարձրաստիճան զինծառայողները պետք է ժամանակավորապես դառնան շարքայիններ:
Թերթն ընդգծում է, որ այդ հրամանը վերաբերում է փոխգնդապետներին ու նրանցից բարձր կոչում ունեցող զինծառայողներին: Նրանք շարքային պետք է դառնան առնվազն 15 օրով:
Այդ ողջ ժամանակահատվածում նրանք պետք է ապրեն, սնվեն ու ծառայեն զինվորների հետ միասին: Ընդ որում, նրանք պետք է վճարեն սեփական ապահովման ու սնման համար: Նրանց կարգելվի միջամտել այդ զորամասերի գործերին, որոնցում որ կծառայեն նրանք:
Կախված զբաղեցրած պաշտոնից՝ զորահրամանատարները պետք է նմանատիպ ծառայություն անցնեն 3, 4 կամ 5 տարին մեկ անգամ: Սի Ծինփինը որոշել է գնալ նման քայլի՝ բանակին «թափ տալու» և զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու համար:
Չինացի ռազմական փորձագետներից մեկի խոսքերով՝ Չինաստանի ղեկավարությունը փորձում է լուծել բանակում առկա կոռուպցիայի հարցը, կարգապահության բացակայությունը և բարձրաստիճան ու ցածրաստիճան զինվորականների դրության միջև եղած մեծ անդունդը:
Փորձագետն ընդգծել է, որ չինացի բազմաթիվ զինվորականներ բարձր կոչումների են արժանանում իրենց ունեցած կապերի շնորհիվ և պատկերացում անգամ չունեն ցածրաստիճան զինվորականների կյանքի ու զինծառայության մասին:
Նմանատիպ հրաման 1958 թվականին արձակել է Մաո Ցզեդունը՝ զորահրամանատարներին ստիպելով տարեկան մեկ ամիս ծառայել որպես հետևակային: Դրանով իսկ Մաոն ամրապնդեց անձնական վերահսկողությունը բանակի վրա և բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների հարկադրեց հրաժարական տալ:
Սի Ծինփինը Չինաստանի նախագահ է դարձել 2013 թվականի մարտին: