Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային». Արարատ Միրզոյանը մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց
«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ»,- այս մասին քիչ առաջ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կանոնադրությունը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։
«Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել»,- ընդգծեց Միրզոյանը՝ շարունակելով, որ դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական համատեքստում։
Միրզոյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու նրա թիմին այս ճանապարհին համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար.
«Խորապես գնահատում ենք ԱՄՆ հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև ասաց, որ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։
«Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից:
Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար, ուրախ նաև հայտարարելու, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով, համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում։
«Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով։
Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։
Հարգելի՛ բարեկամներ, թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»,-ասաց Միրզոյանը։