Հրանտ Բագրատյան. Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վրեժ է ժողովրդից
«Մեկ օլիգարխը, որքան էլ նա հարստանա, կարծես թե մարդն աշխատել, հարստացել է, թող հարստանա, բայց չէ՞ որ նա կրճատում է դաշտը մյուսների համար: Նույնկերպ ուզում եմ ասել, որ Հայաստանի այսօրվա կառավարությունը Եվրոպայի, Միացյալ Նահանգների կողմից, մասամբ՝ Ռուսաստանի կողմից, որոշակի աջակցություն ունի, որովհետև դա միակ կառավարությունն է, որը չի աճեցնում երկիրը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` նշելով, որ ժամանակակից աշխարհը, տնտեսությունը, սոցիալական կարգը, մտքի զարգացումը թույլ է տալիս ունենալ կապիտալիստական հասարակարգ, որը կբավարարի բոլորի պահանջները, սակայն դա իր հերթին՝ ենթադրում է պայքար օլիգարխիկ համակարգի դեմ:
Հ.Բագրատյանը նշեց, որ եթե Հայաստանի ՀՆԱ-ն 10 միլիարդից դառնար 30 միլիարդ դոլար, դա նշանակում է, որ 20 մլրդ ինչ-որ մեկի մոտ պետք է հարաբերականորեն պակասի, այդ պատճառով ինքը շատ կասկածամտորեն է վերաբերվում «ՀՀ իշխանությունների հասցեին արտասահմանից հնչող գովաբանությանը»:
«Գործնականում նրանք երբեմն գովում են այն, ինչը վատ է Հայաստանի համար: Գլոբալ մրցակցության մեջ մենք մեր տեղը նվաճում ենք, ոչ թե ինչ-որ մեկն այն կտրամադրի մեզ: Այսինքն՝ արժեքները փոխվել են, սա 91 թիվը չէ, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, և այն ժամանակ բոլորը շահագրգռված էին, որ մինչև որոշակի աստիճան փորձում էին օգնել Հայաստանին: Հիմա նման բան չկա: Հայաստանն ուզում է աճել գլոբալ մրցակցության մեջ, և Հայաստանում այնպիսի իշխանություն է, որը չի ապահովում այդ աճը»,- ասաց պարոն Բագրատյանը:
Մեր հարցին, թե նաև դրանո՞վ կարող ենք բացատրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերահաստատումը նույն պաշտոնին, նա պատասխանեց. «Ինչպես կուզեք»:
Մենք նաև խնդրեցինք մեկնաբանել մամուլում տեղ գտած այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին «ժողովրդի ինադու» թողեց վարչապետի պաշտոնում:
Այս մասին էլ Հրանտ Բագրատյանն ասաց. «Ինչ-որ տեղ՝ այո՛, Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վրեժ է ժողովրդից: Դա նշանակում է՝ Սերժ Սարգսյանը հոգու խորքում կասկածում է իր ընտրության փաստի վրա: Եվ ինչ-որ տեղ սա ընդդիմության պարտությունն է: Ընդդիմությունն այսօր ի վիճակի չէ մի փոխնախարար փոխելու: Այսինքն` իշխանությունն ապտակում է ընդդիմությանը»:
Միաժամանակ նախկին վարչապետը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ Տիգրան Սարգսյանը չուներ այլընտրանք:
«Դա ի՞նչ ասելու բան է: Էդ նույնն է թե՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվի 0:10 հաշվով, հարցնեն` ինչո՞ւ պարտվեցիք, պատասխանեք`«պաշտպանին` Պողոս Պողոսյանին, ո՞վ պիտի փոխարինի»: Բայց դա մարզչի խնդիրն է, փաստն այն է, որ հավաքականը պարտվել է»,- ասաց Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ.