Նիկոլ Փաշինյանի ու դատավորների հանդիպումն «Արմենիա Մարիոթում»
Նոր տարվա առաջին օրերին Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ, և հանդիպման ժամանակ քննարկվել են դատական իշխանությանը նվիրված միջոցառմանն իր մասնակցության հարցը և դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր:
168.am–ի տեղեկություններով՝ խոսքը հունվարի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կայանալիք միջոցառման մասին է, որը կազմակերպել է ԲԴԽ նորանշանակ նախագահ Արթուր Աթաբեկյանը:
Միջոցառումը թեպետ դատավորի օրն է տեղի ունենալու, բայց այդ օրը սոսկ ինֆորմացիոն առիթն է: Իրականում միջոցառում կազմակերպելու բուն նպատակը իրեն պաշտոնի նշանակող Նիկոլ Փաշինյանին երախտագիտություն հայտնելն է:
Արթուր Աթաբեկյանը շատ լավ է հասկանում, որ ադեկվատ իշխանություն ունենալու պարագայում ինքն անգամ իր վարդագույն երազներում ոչ միայն ԲԴԽ նախագահ ու անդամ դառնալ չէր կարող, այլև առհասարակ 7-րդական շարքերից կես մետր անգամ առաջ չէր կարող գալ: Եվ բնական է, որ իր երախտիքի փարթիին, ձոն Նիկոլ Փաշինյանին միջոցառմանը ինքը կցանկանար մասնակից դարձնել նաև դատավորներին, և այդ պատճառով էլ միջոցառման օր է ընտրվել հունվարի 12-ը:
Հուսանք՝ իշխանության առանձին ճյուղ հանդիսացող «Մարիոթում» ներկա դատավորներն ամեն դեպքում ավելի թասիբով կգտնվեն ու չեն խոնարհվի Նիկոլ Փաշինյանի առաջ, ինչպես նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի առաջ ոտքի կանգնեցին իրենց գործընկեր դատավոր պաշտոնյաները: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ դատավորներն այդ միջոցառմանը չպետք է ներկա գտնվեն. որևէ մեկը չի կարող դատավորներին զրկել իրենց օրն իրենց պատկերացրած ֆորմատով նշելու հնարավորությունից: Ովքեր էլ որ լինեն միջոցառման հրավիրյալները, տանտերերը դատավորներն են, պարզապես ցանկալի կլինի, որ իրենց պահեն տանտիրոջ պես:
Ինչևէ, միջոցառմանը ներկա գտնվելու համար դատավորները «Մարիոթում» պետք է լինեն առնվազն դրա մեկնարկից մեկ ժամ շուտ, այսինքն՝ 11:00-ից՝ հավանաբար մետաղորսիչների տակով անցնելու, անվտանգության բոլոր միջոցառումներն անխոչընդոտ իրականացնելու համար:
Միջոցառմանը բացման խոսքերով հանդես կգան ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ելույթներ կունենան կրկին ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, իսկ ամփոփիչ խոսքը Նիկոլ Փաշինյանինն է:
Արթուր Աթաբեկյանը ևս մեկ անգամ խոսք կասի, այս անգամ՝ փակման, ինչից հետո դատավորների ու ՀՀ քաղաքական վերնախավի համար կազմակերպված հյուրասիրության ժամանակ դատավորները կարող են մրցել քծնանքի ու շեֆերի աչքին երևալու մեջ: Հաղթողներ վստահաբար կլինեն: