Հավսա՜ր, զգա՜ստ. Աննա Հակոբյանը դատավորներին հրահանգել է ընկերուհուն դնել գլխներին ու ման տալ
Երեկ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Շուշիում անմահացած ԵՊՀ շրջանավարտ, Արցախի ու Հայաստանի, հայ հողի ու շենի նվիրյալ, արժանավորագույն զավակ Գևորգ Արշակյանի ծննդյան տարեդարձն էր:
Շատերը Գևորգին կհիշեն հենց «Ամենախելացին» խաղից, որում տղան իր ողջույնի խոսքը եզրափակեց Գարեգին Նժդեհի խոսքերով․ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»։ Գևորգ Արշակյան լույսը զոհվեց, որ մենք Արցախ ունենանք:
Կամավորագրվել էր սեպտեմբերի 28-ին ու նահատակվել Շուշիում՝ պատերազմի ավարտից ընդամենը 2 օր առաջ:
Գերազանց սովորում էր ԵՊՀ-ի միանգամից 2 ֆակուլտետներում՝ Փիլիսոփայության և Իրավագիտության: Ստացել էր նաև 3-րդ կրթությունը՝ այս անգամ՝ ռազմական, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ու մեկնել Մատաղիս՝ ծառայության: Ընկերները նշում էին՝ եթե դու հայրենասեր չես, չէիր կարող Գևորգի ընկերը լինել: Արցախյան հողի, Նժդեհի պաշտամունք ուներ: Ֆանատիկ հայրենասեր էր:
Գևորգ Արշակյանի մայրը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը, որդու ծննդյան տարեդարձը նշում էր նրա անունը կրող թիվ 22 դպրոցում՝ Արցախն Ադրբեջան համարող, Արցախի համար նահատակված զինվորներին ոչնչի համար զոհվածներ համարող իր մտերիմ ընկերուհու՝ Աննա Հակոբյանի, նրա դստեր՝ Մարիամի ու այդ կարծիքը կիսող տասնյակ պաշտոնատար անձանց հետ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի կինը իր ֆեյսբուքյան էջում էր տեղեկացրել՝ կից տեսանյութ ու լուսանկարներ հրապարակելով:
Դժվար չէ կռահել՝ ինչ կզգար Գևորգ Արշակյանը, եթե իմանար, որ մի օր հետմահու իր ծննդյան տարեդարձը մայրը նշելու է մարդկանց հետ, ում համար Արցախն արժեք չէ, ում համար Արցախն Ադրբեջան է, ովքեր աֆրիկյան սաֆարիներից լուսանկարներ են հրապարակում նոյեմբերի 9-ի ողբերգական օրը, և ովքեր գտնում են, որ Հայաստանից Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելը չի քննարկվում:
Ինչևէ, միջոցառմանը ներկա էր ՀՀ քաղաքական ու դատական իշխանության վերնախավի զգալի հատվածը:
Առաջին շարքում նստած էին Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանը, Նաիրա Հովսեփյանը, Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը: Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի ու նրա դստեր՝ միջոցառման դահլիճ մտնելուն պես միահամուռ ոտքի կանգնեցին բոլորը, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի՝ դատական բարձրագույն իշխանության դատավորները:
Տխուր է գիտակցել, որ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ոտքի են կանգնում ոչ մի պաշտոն չզբաղեցնող մեկի առաջ, ու հետո իրենք իրենց հավատացնում, որ անկախ են:
Միջոցառմանը ներկա էին նաև Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Դավիթ Խաչատուրյանը, Վճռաբեկ դատարանի դատավորներ Արսեն Մկրտչյանը, Վիգեն Քոչարյանը, Արթուր Դավթյանը, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, այլ պաշտոնատար անձինք ու դատավորներ:
Որևէ կերպ չենք մեղադրում միջոցառմանը ներկա պաշտոնատար անձանց ու դատավորներին: Գևորգ Արշակյանն արժանի է, որ նրա տարեդարձը բոլորով, ազգովի նշենք, թեպետ վստահաբար ինքը՝ հերոսը, վերապահումներ կունենար իր ծննդյան օրվա միջոցառմանը հրավիրյալների հետ կապված: Խնդիրն աշակերտի հնազանդությամբ Աննա Հակոբյանի դաստիարակչական ճառերը լսող դատավորներն ու սերունդ կրթող ուսուցիչներն ու դպրոցի տնօրենն են: Այն դատավորները, ովքեր հնազանդ շարք են կանգնել, որ հանկարծ բաց չթողնեն Աննա Հակոբյանին բաժակ խփելու բարեբախտությունը: Ինչպես ասում են, մի քիչ ձեզ տեսած պահեք, ամոթ է:
Իսկ 168.am-ի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանն այնտեղ բավականին թափանցիկ մեսիջներ է տեղ հասցրել:
Նախ նա դատավորներին ասել է, որ իր ընկերուհի Նաիրա Հովսեփյանին պետք է իրենց գլխներին դրած ման տան, որովհետև հերոսի մայր է:
«Ճիշտ է, կարող է շատ հարցերում նեղացնում է ձեզ, բայց ոչինչ»,- ասել է Աննա Հակոբյանը:
Ու բնական է, որ Աննա Հակոբյանի կամքով Վճռաբեկ դատարանի դատավոր դարձած Նաիրա Հովսեփյանը, ով հերոսի մայր լինելով՝ չի խորշում քայլել իր գործընկեր դատավորների գլուխների վրայով, պետք է ցկեանս երախտապարտ լինի վերջինիս:
Քննադատության որոշակի չափաբաժին նաև դպրոցի տնօրենին է հասել: Աննա Հակոբյանին, պարզվում է, դուր չի եկել, որ միջոցառման ժամանակ աշակերտները հայրենիքի ցավերից են խոսել:
«Խնդրում եմ, վերջացրե՛ք դա, նման բան չկա: Ձեր մեջ սերմանել են, որ հայրենիքի ցավ կա: Հանե՛ք դա ձեր միջից»,- ասել է Աննա Հակոբյանը: