Նապոլիտանոն Էնրիկո Լետտային հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն այսօր Դեմոկրատական կուսակցության առաջնորդներից, 46-ամյա Էնրիկո Լետային կարգադրել է ձևավորել նոր կառավարություն: Այս մասին հայտարարել է նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Դոնատո Մարրան:
Նախօրեին նախագահը մի շարք խորհրդակցություններ է անցկացրել խորհրդարանի երկու պալատների նախագահների ու երկրի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական բոլոր կուսակցությունների առաջնորդների հետ, ինչի արդյունքում էլ ընդունել է համապատասխան որոշում:
Էնրիկո Լետան կարող է դառնալ Իտալիայի ողջ պատմության ընթացքում նախարարների խորհրդի ամենաերիտասարդ նախագահը: Վարչապետի պաշտոնը զբաղեցրած ամենաերիտասարդ իտալացին հանդիսանում է Ջովաննի Գորիան, ով 1987 թվականին Իտալիայի վարչապետ է դարձել 44 տարեկան հասակում:
Լետան 2006-2008 թվականներին Ռոմանո Պռոդիի կառավարությունում զբաղեցրել է նախարարների խորհրդի քարտուղարի պաշտոնը: Իտալական մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ՝ նոր կառավարության կազմը կարող է հայտնի դառնել արդեն իսկ այս երեկոյան: