Պարենային ապրանքների համաշխարհային գները դեկտեմբերին նախորդ ամիսների նկատմամբ նվազել էր

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը դեկտեմբեր ամսին նախորդ ամսվա համեմատ անկում է գրանցել, որտեղ ամենակտրուկ վայրէջքը շաքարի միջազգային գնանշումներն են: 

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի գրասենյակից հայտնում են, որ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի դեկտեմբերին միջինում կազմել է 127.0 միավոր, որը նոյեմբերի արժեքից՝ 0.5 տոկոսով, եւ նախորդ տարվա դեկտեմբերի արժեքից՝ 6.7 տոկոսով ցածր է։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ինդեքսը 122.0 տոկոսային կետ է գրանցել, որը 2.1 տոկոսով ցածր է 2023 թվականի միջին արժեքից, հացահատիկային ապրանքների եւ շաքարի գնանշումների զգալի նվազումները փոխհատուցելով բուսական յուղերի, կաթնամթերքի եւ մսի գների գուցե աննկատ, սակայն ոչ պակաս նշանակալի բարձրացմամբ։

Դեկտեմբերին ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը համեմատաբար անփոփոխ է մնացել, որը 9.3%-ով ցածր էր նախորդ տարվա նույն ամսվա մակարդակից, իսկ եգիպտացորենի գնանշումների աննշան աճը փոխհատուցվել է ցորենի գնանշումների նվազման հանգամանքով:

 Ընդհանուր առմամբ, ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը 2024 թվականին միջինում 113.5 կետ է կազմել, ինչը 13.3 տոկոսով ցածր է 2023 թվականի մակարդակից՝ նշանավորելով 2022 թ. ռեկորդային մակարդակից երկրորդ տարեկան անկումը: ՊԳԿ բոլոր տեսակի բրինձների գնային ինդեքսը 2023 թ. միջին մակարդակից 0.8 տոկոսով աճել է, որն անվանական արտահայտությամբ 16 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ 0.5 տոկոսով նվազել է դեկտեմբերին, ինչը դեռեւս 33.5 տոկոսով բարձր է նախորդ տարվա մակարդակից։

2024 թվականի տվյալներով ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը միջինում 9.4 տոկոսով բարձր է եղել 2023 թվականի ցուցանիշից՝ հաշվի առնելով համաշխարհային շուկաներում մատակարարումների նվազման հանգամանքը։        
Դեկտեմբերին ՊԳԿ մսի գնային ինդեքսն, ի տարբերություն այլ ենթաինդեքսների, նոյեմբերի համեմատ 0.4 տոկոս աճ է գրանցել՝ վերջ դնելով եռամսյա նվազման միտումին, որը 7.1 տոկոսով բարձր է 2023 թ. դեկտեմբերի արժեքից։ 2024 թվականին ՊԳԿ մսի գնային ինդեքսն, ընդհանուր առմամբ, 2.7 տոկոսով բարձր էր 2023 թ. միջին արժեքից, որտեղ տավարի, ոչխարի մսի եւ թռչնամսի բարձր գնանշումները փոխհատուցվել են խոզի մսի միջազգային վարընթաց գներով։ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի յոթ ամիս անընդմեջ վերելքին հաջորդեց անկումը՝ նոյեմբերի համեմատ նվազելով 0.7 տոկոսով, որն, այդուհանդերձ, դեռեւս 17.0 տոկոսով գերազանցում է 2023 թվականի դեկտեմբերի արժեքը:

2024 թվականի տվյալներով ՊԳԿկաթնամթերքի գնային ինդեքսը միջինում 4.7 տոկոսով բարձր է եղել 2023 թվականի ցուցանիշից՝ գլխավորապես ի հաշիվ կարագի սրընթաց աճող գների։ ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն ամենամսյա գնիջեցումների առաջատարն է՝ հիմնական արտադրող երկրներում շաքարեղեգի բերքի հեռանկարների բարելավման շնորհիվ 5.1 տոկոսով նվազելով նոյեմբերի արժեքից, որը 10.6 տոկոսով ցածր է 2023 թվականի դեկտեմբերի մակարդակից: 2024 թվականին ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը միջինում 13.2 տոկոսով ցածր էր 2023 թվականի ցուցանիշից։

Տեսանյութեր

Լրահոս