
Կորոնավիրուսի դրական կամ բացասականը հարաբերական է, ուստի խորհուրդ չեմ էլ տալիս թեստ անել. Լամարա Մանուկյան

Դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ վարակվել է կորոնավիրուսով, հետո հայտարարել է, թե կորոնավիրուսի թեստը բացասական է, մեկ օր հետո էլ ասել էր՝ դրական է, իսկ այսօր նա կրկին իր հետևորդներին տեղեկացրեց. «Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է:)»:
Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի խոսքով՝ կորոնավիրուսի թեստը մի քանի օրից կարող է լինել բացասական։
«Շատերս կորոնավիրուս տանում ենք, բայց մեր թեստը բացասական է, որովհետև վիրուսը մի քանի օրից մեր օրգանիզմում չէ, բայց մեր գանգատները մնում են, ամեն ինչ կախված է վիրուսի բարդությունից։
Մենք կորոնավիրուսի հետ ձեռք բերեցինք վիրուսի նոր ձևաչափ, երբ վիրուսը կարող է շատ բարդանալ՝ իր տարբեր արտահայտություններով, օրինակ, թոքաբորբ, աուտոիմուն հիվանդությունների տեսքով։ Այսինքն՝ բուն իր վիրուսային կամ հարբուխային ձևաչափով չէ, հետո բարդանում է։
Այսինքն՝ իր թեստը, որ բացասական է եղել՝ նորմալ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լամարա Մանուկյանը։
Նա շեշտեց՝ դեռևս կորոնավիրուսի ժամանակ բազմիցս թեստեր էին վերցնում, այսօր կարող էր դրական լինել, վաղը՝ բացասական։ Ամեն ինչ կախված էր այդ պահին վիրուսի ծանրաբեռնվածությունից։
«Եթե այսօր մեծ քանակով վիրուս է մահացել, վաղը կարող է մնացած փոքր քանակի վիրուսներից ծնվեն նորերը, ու մենք այդ վիրուսին «բռնենք»։ Այսինքն՝ կորոնավիրուսի դրական կամ բացասականը շատ հարաբերական է, ուստի ընդհանրապես խորհուրդ չեմ էլ տալիս թեստ անել։ Նախ, այսօր կորոնավիրուսն ընթանում է սովորական շնչառական վարակի տեսքով, և հիմա եղանակը փոխվելու է, անպայման բարձրանալու է։ Իմ անձնական կանխատեսումներն էլ ունեմ, որ պետք է բարձրանա, թեպետ Առողջապահության ազգային ինստիտուտը և վարակների վերահսկման կենտրոնն էլ է արձանագրել, որ բարձրացել է»,- ընդգծեց նա։
Լամարա Մանուկյանը նաև ասաց, որ այսօր կորոնավիրուսն ու շնչառական վիրուսները նույն ընթացքն ունեն, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակումն ինչ-որ առումով անհիմն է։