Աֆղանստանում Պակիստանի ԶՈւ հարվածից զոհվել է 46 մարդ
46 մարդ զոհվել է Փակտիկա նահանգում (երկրի արեւելք), աֆղանա-պակիստանյան սահմանին՝ Պակիստանի ՌՕՈւ հարվածի հետեւանքով։ Այսպիսի պնդմամբ հանդես է եկել Աֆղանստանի՝ «Թալիբան» արմատական շարժման կազմավորած կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։
«Երեկ երեկոյան (երեքշաբթի) պակիստանցիները հարվածներ են հասցրել Փակտիկա նահանգի Բարմալ շրջանին։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 46 [մարդ], որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են»,- ասել է նա Agence France-Presse-ին։ Վեց մարդ վիրավորվել է, ավելացրել է Մուջահիդը։
Դեկտեմբերի 24-ին «Թալիբան» շարժման պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Փակտիկա նահանգի շրջանին։ Գերատեսչությունը դատապարտել է պակիստանյան կողմի գործողությունները՝ ընդգծելով, որ դրանք խախտում են միջազգային նորմերը եւ «որեւէ խնդրի լուծում չեն»։ ՊՆ-ն նաեւ նշել է, որ միջադեպը «անպատասխան չի մնա»։