ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի պաշտոնյաների և օրենսդիրների նկատմամբ
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանի առանձին քաղաքացիներին ամերիկյան վիզաների տրամադրման արգելքի մասին
«Պետքարտուղարությունն այսօր հայտարարում է լրացուցիչ միջոցներ վիզայի սահմանափակման իր քաղաքականության շրջանակներում, որն արգելում է վիզաների տրամադրումը Վրաստանում ժողովրդավարության խաթարման պատասխանատուներին կամ մեղսակիցներին», – ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Այս սահմանափակումները կվերաբերեն 20 մարդու, այդ թվում՝ նախարարներին, իրավապահ մարմինների և անվտանգության պաշտոնյաներին, ինչպես նաև մասնավոր անձանց:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության շարունակական, դաժան և չարդարացված բռնությունները Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ «Վրացական երազանք»-ը շեղվել է Վրաստանի եվրաատլանտյան ապագայից, որը ցանկանում է վրաց ժողովրդի մեծամասնությունը, և որը նախատեսում է Վրաստանի սահմանադրությունը։ Մենք հանձնառու ենք՝ համոզվելու, որ ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու կամ մեղսակից բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվեն վիզային սահմանափակումների», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Պետքարտուղարության՝ պատժամիջոցների ենթարկված անձինք կլրացնեն ավելի քան 100 անձանցից բաղկացած ցուցակը, որում հիմնականում ներառված են «Վրացական երազանք»-ի հետ կապված անձինք և նրանց ընտանիքի անդամները։
Վրաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վատթարացել են երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո, որն արևմուտքում համարում են ռուսական։