Ռամզան Կադիրովը Թինա Կանդելակիին շնորհել է «Չեչնիայի Հանրապետության վաստակավոր լրագրողուհի» կոչումը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաղորդավար Թինա Կանդելակիին շնորհել է «Չեչնիայի Հանրապետության վաստակավոր լրագրողուհի» կոչումը: Այս մասին նշված է ապրիլի 18-ին Գռոզնիում տեղի ունեցած լրագրողական «Ոսկե փետուր» միջազգային մրցույթի վերաբերյալ Չեչնիայի կառավարության հաշվետվությունում:
Միջոցառումը համատեղ վարել են Թինա Կանդելակին ու դերասան Իգոր Վերնիկը, ով իր հերթին արժանացել է «Չեչնիայի Հանրապետության վաստակավոր դերասան» կոչման: Միջոցառման ժամանակ Կանդելակին Ռամզան Կադիրովին անվանել է Ռուսաստանի ամենաբաց տարածաշրջանի ղեկավար.
«Այսօր Չեչնիայում չկա մի մարդ, ով չի կարող լսելի չլինել Կադիրովի կողմից: Յուրաքանչյուրը կարող է իր խնդրով դիմել նրան, և դա շատ լավ է: Լավ կլիներ, եթե այդպես լիներ ողջ Ռուսաստանում»:
Մեկնաբանելով իրեն շնորհված կոչումը՝ Կանդելակին Twitter-ում գրել է, որ շատ հպարտ է՝ ընդգծելով, որ իրեն շատ են սիրում Կովկասում: