Իրենք ղժժում են բոլորի վրա, ովքեր փորձում են իրենց բացած էջերում ինչ-որ տողեր գտնել․ մի՛ սարքեք այդ մարդկանց Նոստրադամուս․ Նաիրա Զոհրաբյան
Լոբով ճաշ, տոլմա, հեծանիվ, ֆիլմի դիտում՝ ի հակառակ Արցախի կորստի, ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական ստորաբաժանումների առկայության, տարածաշրջանային զարգացումների, մերձավորարևելյան լարման․ գործող իշխանության այս վարքագիծն արդեն նոր չէ հանրության համար։
ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս «շոու»-ին, նկատեց․
«Նիկոլ Փաշինյանն իր վրա դրված խնդիրը ֆանտաստիկ կերպով լուծում է․ ինքը նյուզֆիդը լցնում է իրենով, նա չի թողնում մի սողանցք, որ որևէ այլ ակտուալ թեմայով լրահոսը լցվի։
Եվ կարևոր չէ, որ իրենց հայհոյում են, և, որ Աննա Հակոբյանն անգամ փակել է ինստագրամում իր հերթական ֆոտոսեսիայի քոմենթների բաժինը, որովհետև, ինչպես հասկացա, հայհոյանքների տարափն այնպիսին է, որ նույնիսկ ՊՈԱԿ-ը և տարբեր գործարարների վրա դրված ֆեյքաբուծարանները չեն հասցնում այդ հայհոյանքները մաքրել և հակակշռել»։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Նռան գույնը» ֆիլմի դիտումից հատված, 500-ից ավելի մեկնաբանությունների 99,9 տոկոսը հայհոյանքներ էին։
«Այսինքն՝ իրենք արդեն նույնիսկ խնդիր էլ չեն դնում ֆեյքերով համակշռել իրավիճակը․ իրենց պետք է դաշտը լցնել իրենցով՝ առաջնորդվելով սև քարոզչությունն էլ քարոզչություն է սկզբունքով։
Իրենք այդ խնդիրը լուծում են, որովհետև մենք կուլ ենք տալիս այդ խայծը՝ տոլմայի, կոշիկով բազմոցին պառկելու և այլնի մասին խայծերը,- հավելեց քաղաքական գործիչը՝ նկատելով, որ պատրաստվում է առաջարկել քաղաքական ու հանրային դեմքերին՝ դադարել մտնել Փաշինյանի առաջարկած այս օրակարգի մեջ,- Իրենք մի խնդիր են լուծում, որ լրահոսը չլցվի այլ բանով, որ մարդիկ չխոսեն սպասվող արհավիրքներից, որ օրակարգ չդառնա այս խայտառակ գնաճը, հունվարի 1-ից տրանսպորտի թանկացումը, օրակարգ չդառնա առաջիկայում ՀՀ տարածքներից տարածքներ հանձնելը։
Ես առաջարկությամբ եմ հանդես գալու՝ անտեսել, չտարածել, չմեկնաբանել՝ ինչ էր հագել Աննան, թանկ էր, էժան էր, թե այդ սիմվոլիկան ինչ էր նշանակում․ ոչ մի բան էլ չէր նշանակում։ Իրենք ղժժում են բոլորի վրա, որոնք փորձում են իրենց բացած էջերում ինչ-որ տողեր գտնել։ Մի՛ սարքեք այդ մարդկանց Նոստրադամուս, մի՛ արժևորեք նրանց ոչինչ լինելը․ չկա իրենց լուսաբանում՝ չկան իրենք։ Օրակարգը պետք է լցնել ակտուալ խնդիրներով»։