«Փաշինյանը վախեցնում է թիմին. որ ասի՝ թեստ հանձնեք կամ հանվեք, շարվեք պատի տակ, ո՞վ պետք է չանի». Էդգար Ղազարյան

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան. Օրակարգային թեմաներից մեկը տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն է:

Լեհաստանն ի՞նչ կերպ կարող է ազդել այդ գործընթացների վրա, ի՞նչ արդյունքներ սպասել այս այցից, և քանի որ Լեհաստանի նախագահը Հայաստան գալուց առաջ COP29-ի շրջանակներում եղել է Ադրբեջանում և հանդիպել Ալիևի հետ, հնարավո՞ր է՝ Լեհաստանը փորձում է միջնորդ դառնալ կողմերի միջև:

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կարծիքով՝ Լեհաստանը չունի նման ազդեցություն ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի վրա, որ միջնորդի դեր ստանձնի:

«Լեհաստանի նախագահը Հայաստան այցելել է իր առաքելության ավարտի կապակցությամբ, որովհետև մի քանի ամսից նախագահ Դուդայի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է: Լեհաստանը խորհրդարանական երկիր է, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթել է այլ քաղաքական ուժ: Հիմա կառավարության և նախագահի միջև Լեհաստանում հարաբերություններն այդքան էլ սահուն չեն, իսկ արտաքին քաղաքականության առումով գլխավոր դերակատարը կառավարությունն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ Անջեյ Դուդայի այցն ավելի շատ հուզական բնույթ է կրում:

Կարդացեք նաև

«Լեհաստանի նախագահի պաշտոնական օրը սկսվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից, որտեղ նա ծնկի է իջել անմար կրակի առջև, բայց հետաքրքիր է Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այդ ամենին. Լեհաստանի նախագահի համար նրանք ծրագրում նախատեսել են այց հուշահամալիր՝ մինչև այցի պաշտոնական մասի մեկնարկը, այսինքն՝ մինչև նախագահականում ընդունելությունը, որպեսզի այցը հուշահամալիր չներառվի պաշտոնական միջոցառումների շարքում»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա արդեն քրոնիկ երևույթ է, և նույնը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի այցի ժամանակ, երբ նա սկզբից այցելել է հուշահամալիր, հետո սկսվել է նրա դիմավորման պաշտոնական արարողությունը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարբեր պաշտոնանկություններին և նշանակումներին, Էդգար Ղազարյանը նշեց, որ միակ հետևություն անողն այս պահին Հովիկ Աղազարյանն է. «Չեմ կարծում, որ նա սկզբունքային դիրքերից կամ արժանապատվությունից ելնելով է դիմադրություն ցույց տալիս: Նա մակերեսային մարդ է, ես իրենց խոսակցություններին ներկա չեմ եղել, բայց այնպիսի տպավորություն է, որ ներկա եմ եղել: Ալեն Սիմոնյանը որ կանչել է Աղազարյանին, զրուցել են, հարցրել է՝ ինչի՞ չի հրաժարվում մանդատից, նա էլ պատասխանել է, որ վարկ է վերցրել, պետք է փակի, մանդատը որ դնի՝ իր վարկը փակելո՞ւ են»:

Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ պաշտոնանկությունների օրը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որ Ենոքավանում է, հետո նշել էր, որ եկել են մատաղ անելու. «Երեկոյան մենք իմացանք մատաղի իրական նահատակների մասին: Կիրակի օրը քրիստոնյաների համար ոչ աշխատանքային օր է, այդ օրը կարելի է գնալ Պատարագի, զոհաբերություն անել, ինքը գնաց զոհաբերության: Եթե պաշտոնանկություն էր, կարող էր հաջորդ օրն անել, ինչո՞ւ հենց կիրակի օրով արեց»:

Նա նշեց, որ Փաշինյանի թիմակիցները պետք է հասկանան՝ իրենցից ոչ ոք Փաշինյանի համար, և ոչ միայն, արժեք չի ներկայացնում. «Օրինակ՝ Նարեկ Զեյնալյանը եթե մարդկային, մասնագիտական, քաղաքական արժանիք ունենար, մտածեր, որ ԱԺ պատգամավոր է, որովհետև ունի քաղաքական գործչի կեցվածք, հանրային խոսք, հանրության մեջ որոշակի հեղինակություն, դրա հաշվին դարձել է պատգամավոր, նրան որ կանչեին-ասեին՝ մանդատդ վայր դիր, կասեր՝ մի րոպե, ի՞նչ մանդատը վայր դնել: Վահագն Ալեքսանյանն ասել է՝ որ պահին Փաշինյանն ասաց՝ պետք է դիմում գրես, գնաս, ես գնալու եմ: Վահագն Ալեքսանյանն ասում է՝ ես կարող էի ԲՀԿ-ի ժողովների ժամանակ ամենաշատը մի պատի տակ կանգնեի, Ծառուկյանը մտներ՝ ծափ տայի, դրանից ավել արժանիք ինքը իր հոգու խորքում գիտի, որ չունի: Հիմա այդ մարդն իրեն սարքել է պատգամավոր, որ ասի՝ մանդատդ դիր, ի՞նչ պետք է ասի: Փաշինյանն էլ գիտի, որ դրանք այդպիսին են»:

Հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ է պաշտոնանկություններ և նոր նշանակումներ անում, նա պատասխանեց. «Վերադասավորումներ է անում, վախեցնում է, որպեսզի մյուսներն ահի մեջ ապրեն, ասեն՝ ավելի շատ ընկնենք ոտքերը, ավելի շատ ծառայենք, հավատարմություն ցույց տանք: Տեսեք՝ Ալեն Սիմոնյանն ինչ շահագրգիռ կերպով Աղազարյանի հետ խոսում է, մտածում է՝ բա, որ կանչի, ասի՝ դու էլ պետք է գնաս թմրանյութի թեստ հանձնես, ես ի՞նչ եմ անելու, կամ ասի՝ ուրիշ թեստ հանձնի, կամ ասի՝ հանվեք, շարվեք պատի տակ, կարո՞ղ է չհանվեն: Հիմա, որ զանգի ֆրակցիայի ղեկավարին, ասի՝ բոլորին ասեք, թող տկլորվեն, շարվեն պատի տակ, նկարի, նկարն ուղարկի ինձ, ո՞վ պետք է չանի: Պատկերացրեք՝ Փաշինյանն այսօր գիշերը խմել է, WhatsApp-ը բացել է ու send to all՝ հանվեք, շարվեք պատի տակ, նկարվեք, նկարն էլ ուղարկեք ինձ, այդքանից ո՞ր մեկը չի անի, իմ կարծիքով՝ բոլորն էլ կանեն»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ «խաղաղության» գործընթացին, Էդգար Ղազարյանը նշեց, որ դեկտեմբերի 24-ն Ալիևի ծննդյան օրն է, իսկ Ալիևը սովորություն ունի «երկաթյա բռունցք»-ի արձան բացել ՀՀ տարբեր քաղաքներում այդ օրը.

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ամբողջ Հայաստանին սպառնում է Արցախի ճակատագիրը՝ ցեղասպանություն և բռնի տեղահանություն: Մարդիկ պետք է հասկանան, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կենսական է: Կենսական է ոչ միայն Կապանի բնակիչների համար, որոնք այս դեկտեմբերի 24-ին «երկաթյա բռունցք»-ի արձանի բացմանը չեն մասնակցելու, այլև Երևանի բնակիչների համար, որովհետև կարող է «երկաթյա բռունցք»-ի արձանը տեղադրվել նաև Հանրապետության հրապարակում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս