Վրաստանում հույս ունեն, որ Վաշինգտոնը չի դադարեցնի ռազմական համագործակցությունը Թբիլիսիի հետ
Վրաստանի իշխանությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ն կվերանայի ռազմական համագործակցությունը դադարեցնելու իր որոշումը, մասնավորապես՝ «Արժանի գործընկեր 2024» միջազգային զորավարժությունների՝ անորոշ ժամանակով հետաձգումը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին խորհրդարանում հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Չիկովանին։
«Ցավալի և անհասկանալի էր Միացյալ Նահանգների կողմից «Արժանի գործընկեր» զորավարժությունների հետաձգման որոշումը: Այդ ընթացքում մենք մի շարք զորավարժություններ ենք անցկացրել մեր միջազգային գործընկերների հետ։ Հուսով ենք, որ նման որոշումները վերջին հաշվով կվերանայվեն հարաբերությունների վերանայման քաղաքականության շրջանակներում», – ասել է Չիկովանին:
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ կառավարության կազմը կհաստատվի նոյեմբերի 28-ի լիագումար նիստում:
Թբիլիսիի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն սկսել են էապես վատթարանալ մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը անորոշ ժամկետով հետաձգել է ամռանը նախատեսվող «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունները՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։ Իր հերթին ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: