Բայդենը պլանավորում է չեղարկել Ուկրաինայի պարտքից 4,65 մլրդ դոլար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ պլանավորում է չեղարկել Ուկրաինայի 4,65 միլիարդ դոլարի պարտքը: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված նամակը։
Նամակի համաձայն՝ պարտքի ներումը «թույլ կտա Ուկրաինային հաղթել, ինչը բխում է Միացյալ Նահանգների և ԵՄ-ի, G7+-ի և ՆԱՏՕ-ի նրա գործընկերների ազգային շահերից»:
Փաստորեն, Սպիտակ տունը կչեղարկի 9 մլրդ դոլարի վարկի կեսը, որը Կիևին տրամադրվել էր ապրիլին հաստատված 60 մլրդ դոլարի չափով օգնության լրացուցիչ փաթեթի շրջանակներում։Ինչպես գրում է Bloomberg-ը, Բայդենի վարչակազմի պլանն արդեն առաջացրել է հանրապետականների առարկությունները։
Սենատոր Ռենդ Փոլը հայտարարել է, որ կձգտի հասնել Սենատում քվեարկության անցկացման, որպեսզի «Բայդենի վարչակազմին խանգարի ամերիկյան ժողովրդի վրա դնել Ուկրաինայի պարտքի համար պատասխանատվությունը»:
Գործակալությունն ընդգծում է, որ քվեարկության անցկացումը պետք է հավանության արժանանա Սենատի կողմից, իսկ դա քիչ հավանական է, քանի որ առայժմ Կոնգրեսի վերին պալատը վերահսկվում է դեմոկրատների կողմից։
Բացի այդ, Բայդենը նաև կարող է վետո դնել բանաձևի վրա, եթե այն ընդունվի։Ամերիկացի պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահն իրավունք ունի չեղարկելու Ուկրաինայի պարտքի 50%-ը։Ըստ գործակալության՝ այս քայլը ձեռնարկվում է, քանի որ ԱՄՆ վարչակազմը փորձում է մինչև ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը հնարավորինս շատ աջակցություն ցույց տալ Ուկրաինային։
Ըստ հրապարակումների՝ օրերս Բայդենը թույլ է տվել, որ Կիևն ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածներ հասցնի Ռուսաստանի խորքերը։ Իսկ նոյեմբերի 20-ին Բայդենի վարչակազմը հայտարարել է Ուկրաինային 275 միլիոն դոլարի անվտանգության աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին։ Աջակցությունը կներառի նաև հակահետևակային ականներ։