Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը՝ քաղաքացիական համաժողովում (ամբողջությամբ)

Երևանի «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքը, որը ամրագրեց, թե որն է լինելու պայքարի հաջորդ հանգրվանը, որը պետք է ուղղված լինի Հայաստանում քաղաքացիական շարժմանը:

Անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին՝ նա հայտարարեց.

«Միասնաբար անցանք վերելքներով ու վայրէջքներով: Վայր ընկանք, բայց չծնկեցինք»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այդ օրը տված երդումը չդրժեցին և չեն դրժելու: Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով իր նշած վայրէջքներին, ասաց, որ ապրիլի 9-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքականության մեջ չկան ինքնաբուխ գործողություններ, որովհետև դրանք մեծ կորուստներով կարող են ավարտվել.

«Համոզվեցինք, որ ամեն մի քայլ պետք է ճշգրիտ հաշվարկված, կառուցված ու հիմք ունենա: Սա պետք է լինի մեր հետագա գործողությունների հիմքը»:

Կարդացեք նաև

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ պայքարի գործողությունների մշակումն անհրաժեշտ է, որպեսզի վարչակարգը չկարողանա բռնի գործողություններով ֆիզիկական ուժ կիրառել ՀՀ քաղաքացու հետ»: Ավելին, որպեսզի հաշվի նստի Հայաստանի ժողովրդի հետ, որը միշտ Ազատության հրապարակում է.

«Չընտրված իշխանությունն, իհարկե, չի ուզում, նրա համար կարևոր է խնդրի շրջանակների նեղացում, որում մասնագիտացած է: Կարելի է ուղարկել սադրիչ խմբեր, որոնք արագ հակաօրինական տեսքի կբերեն ցանկացած հանրահավաք, ինչին կհետևի օրինականության հաստատման գործընթացը, շքահանդեսը: Սա հանրային ըմբոստության դեմն առնելու իշխանական պատկերացումն է»։

Նա նաև նշեց, որ 1996–ից Հայաստանի նորանկախ պատմության ընթացքը ցույց է տվել, որ իշխանությունը «մատյան գնդերին»՝ ճշգրիտ ժողովրդական շարժումները շարքից հանել է այդ եղանակով՝ միջոցների մեջ խտրականություն չդնելով: Ապա նա հավելեց, որ սեփական փորձով համոզվել է, թե ինչի է ընդունակ այս իշխանությունը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ապրիլի 9-ին կազմ ու պատրաստ էին ոչ միայն ջրցան մեքենաները, այլև «արտակարգ զինանոցը»։ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պայքարի անարյուն միջոցները բազմաթիվ են, սկսած ժողովրդի բուն՝ սահմանադրական իրավունքների կառույցների ձևավորումից, վերջացրած իշխանությանը «շարունակաբար կաշկանդելով»՝ օղակը սեղմելով:

«Ժառանգության» առաջնորդ պաշտպանպես հայտարարեց, որ այս պահից ժողովրդի սահմանադրական պահանջով մեկնարկում է «Նոր Հայաստան» ազգային քաղաքացիական շարժումը:

«Մենք միասնաբար երդվեցինք լուծարել մեր կապերը ներկա անօրինական իշխանության հետ: Ի լուր աշխարհի հայտարարեցինք, որ չենք ենթարկվելու կեղծ ղեկավարներին: Պայքարելու ենք մինչև հաղթանակ, մենք մեր երդումը չդրժեցինք և չենք դրժելու երբեք, չենք դրժելու երբեք»,- ասաց նա:

Նա նշեց, որ հետևելով Սերժ Սարգսյանի նախկինում հնչեցրած խոսքին, թե իր համար կարևոր ցուցիչը Ազատության հրապարակում հավաքվածների քանակն է, պետք է շեշտել հետևյալը՝ դե ֆակտո նախագահը չի ուզում հասկանալ, որ այդ քանակը միայն Ազատության հրապարակում չէ, ամենուր է, ամբողջ մի ազգ՝ հայրենիքում, Սփյուռքում, անգամ ամենահեռավոր գյուղում, նրանցից յուրաքանչյուրը մտովի միշտ Ազատության հրապարակում է:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ներկա իշխանությունը հանրային ընդվզումը պատկերացնում է միայն ցույցերի միջոցով:

Սա, ըստ նրա, չընտրված իշխանությունը չի ուզում գիտակցել, նրա համար ձեռնտու է խնդրի շրջանակի նեղացումը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ապրիլի 9-ին պարզ դարձավ, թե ինչի է ընդունակ գործող իշխանությունը, երբ Բաղրամյան պողոտայում էր կենտրոնացրել ոստիկանական ուժերն ու ջրցան մեքենաները: Պայքարի անարյուն միջոցները բազմազան են:

«Հայաստանի քաղաքական դաշտում այս պահից ոչ թե իմ խնդրանքով, այլ ժողովրդի սահմանադրական պահանջով մեկնարկում է Նոր Հայաստան քաղաքացիական ազգային շարժում կազմավորելու գործըթնաց: Այլևս հանդուրժելն անընդունելի է, հանդուրժեցինք ու ունեցանք քրեաօլիգարխիկ համակարգ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ սա է հիմքը, որ կարելի է փոփոխություն կատարել:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ եթե այս պայքարի փուլը երկարում չհռչակենք, եթե հետամուտ չլինենք հաղթանակին, ապա կարող ենք կանգնել լուրջ փակուղում, անկախության, ինքնության կորստի առջև:

Եթե տեր չկանգնեցինք միասին մեր հայրենիքին, մենք ենք մեղավոր, ուրիշ տեղ չնայենք:

Ժողովրդի աղետալի դրությունը, երկրի վիճակն, ըստ նրա, պահանջում են անհետաձգելի քայլեր ձեռնարկել, դրանցից մեկը ձևավորվելիք Նոր Հայաստանի համազգային պայքարն է, այն կոչված է լինելու դառնալ օլիգարխիկ վարչակարգի օրհասը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սա վերկուսակցական միավորում է և ավելի շատ լինելու է քաղաքացիական դաշինք կամ ասպարեզ, որին կարող են անդամագրվել նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Հայաստանի բոլոր օրինական ընտրված նախագահներին, որոնց սակայն թույլ չեն տվել պաշտոնավարել։

«Անկախ նախկինում կրած մեծ ու փոքր ձախողումներից, մի՛ մոռացեք, որ դա առաջին հերթին եղել է Հայաստանի ժողովրդի իրավազրկումը, մի՛ մոռացեք, որ պատճառը ոչ թե մեր կատարած կամ չկատարած քայլերն են, այլ ժողովրդի ինքնագնահատականի վերականգնումը»,- նշեց նա և ավելացրեց, որ ընտրական և հետընտրական գործընթացները արձանագրեցին, որ քաղաքացին ձերբազատվել է վախից, և տերն է իր քվեին։

«Այսօր ամեն մի հայ վստահաբար բարձրաձայնում է, որ ինքը Հայաստանի հպարտ քաղաքացին է և դեմ է մեր երկրին, սա իրականություն է և սրա գիտակցումը բացարձակ արժեքի լրացում է, սա մարդկանց մեջ կատարած հեղափոխությունն է»,- նշեց նա և կրկնեց, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի այսօր և այստեղ կազմավորեն «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը, որտեղ և՛ քաղաքացին և՛ կուսակցականները և, միգուցե, նախկին և ներկա իշխանավորը, քանզի ճակատի շարժիչ ուժը ժողովուրդն է։

Շարունակելով իր ելույթը՝ Րաֆֆի հովհաննիսյանն ասաց. «Իշխանությունների կողմից մարդկանց զարմացնելու շրջանը, կարծես, անցել է, ժողովուրդը ամեն ինչին էլ դիմացել է, և մենք ապացուցել ենք, որ փոքրաթիվ խմբերով միասնական ազգը կարող է պայքարել»:

Նա թվարկեց բոլոր նրանց, ովքեր վերջին 20 տարիների ընթացքում առաջնորդել են ժողովրդի ընդդիմադիր հատվածին և հայտարարեց, որ այս պայքարը համաժողովրդական պայքարն է, որովհետև բոլոր այդ առաջնորդներին ժողովուրդն է ծնել:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց չվախենալ սրբագրվելուց և ասաց, որ մենք փոքր պետություն ենք և շատ ժամանակ չունենք խաղեր տալու համար.

«Այս պայքարը Րաֆֆու պայքարը չի եղել ի սկզբանե, այն ժողովրդինն է, և ժողովուրդը հաղթեց, և ես կոչ եմ անում բոլորին իրար չքարկոծել»:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ որոշ անհատներ համարեցին, որ իրենք ավելի զորեղ են իշխանության դեմ պայքարելու: «Ես ողջունում և հաջողություն եմ մաղթում նրանց, բայց իշխանությունը ժողովուրդը ինքը կվերցնի առանց անհատի ներկայությամբ»,- ընդգծեց նա:

Նա առաջարկեց Հայաստանի քաղաքներում ձևավորել կազմակերպված ժողովրդական միավորումներ, ստեղծել ուղիղ կապ Հայաստան-Սփյուռք սկզբունքով, իսկ բռունցքը պետք է լինի, և պետք է լինի ուժեղ. «Պայքարը լինելու է բազմակողմանի, և ցանկացած միջազգային ամբիոնից ժողովրդի ձայնը հնչելու է: Այս պայքարը պահանջում է նվիրյալներ, սա նվիրյալների ժամանակն է, և այդ ժամանակի մեկնարկը տրված է, տված է «Անի» հյուրանոցում, և այդ մեկնարկը տրվում է այսօր»։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ սա մարդկանց գիտակցության մեջ կատարված հեղափոխություն է, որի արձանագրումը տհաճ անակնկալ է իշխանությունների համար:

Ուստի ճիշտ ժամանակն է այստեղ և այս պահին հռչակել նոր Հայաստանի քաղաքացիական նոր շարժում:

Սա, նրա խոսքով, փոքրատառով Րաֆֆիի պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է:

Նա բոլորին կոչ արեց իրար չքարկոծել և չհիասթափվել, ժողովրդի պայքարն ավարտված չէ, այն թևակոխելու է նոր հանգրվան:

Իշխանությունը ժողովուրդը կվերցնի՝ առանց անհատի մասնակցության:

Նա առաջարկեց հետևողական քայլերով ձևավորել կազմակերպված ժողովրդական կորիզներ Հայաստանի քաղաքներում, Սփյուռքում:

Երկրորդ, բռունցքը պետք է լինի, դա պարտավոր է լինել ազնիվ, երրորդ՝ պայքարը լինելու է բազմակողմանի, ցանկացած միջազգային ամբոնից ժողովրդի ձայնը լսվելու է:

Նա նշեց, որ պայքար է ծավալվելու բոլոր ուղղություններով՝ դեմոգրաֆիական խնդիրներից մինչև արտագաղթ, շրջակա միջավայրի խնդիրներ ու հանքարդյունաբերության ոլորտ:

«Գուցե պայքարի այս փուլը հեշտ չէ, դjուրին չէ, սակայն սա է, որ իրավիճակի ու ժամանակի հրամայականն է: Անարդարությունը ունի ծավալ ու հետևանքներ, որոնք երբեք չեն կարող չափվել, մինչև որ արդեն ուշ է: Չուշացնեք ձեր ինքնահրաժարումը»,- այս մասին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դիմելով, իր իսկ խոսքերով՝ «Բաղրամյան համապատասխան հասցեին»:

Ընդդիմության առաջնորդը շեշտադրել է, եթե այս վստահությունն ու համախմբումը չլինի, կլինի այն, ինչ 1915 թվականին, ինչը որ կատարվում է հիմա:

Թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանեց, որ չի ուզում համեմատել այս երկու իրողությունները, բայց նշեց, որ դրանց «ցավը ընդհանուր է»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ այժմ ժամանակն է, որպեսզի քաղաքական ու քաղաքացիական ուժերը ապացուցեն, որ պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին:

«Ես ձեզ հետ միասին այլևս չեմ սպասելու հինգ տարի: Մենք պարտավոր ենք մեր հաղթանակն իրագործել ավելի շուտ: Մեր ապագան չենք հետաձգելու հինգ տարի: Մենք պետք է լինենք անկեղծ, ազնիվ, սեփական ուժերին վստահ:

Պայքարը պետք է լինի զանգվածային, պետք է հասկանալ, որ իրական համախմբումը հաղթանակի միակ գրավականն է:

Դիմում եմ հայ ազգին, հայ քաղաքացուն. դու՛, քաղաքացի՝ այստեղ հավաքված, հեռվից համակարգչով մեզ հետևող, դու հաղթել ես, քաղաքացի, փետրվարի տասնութին, և այդ հաղթանակը միս ու արյուն է ստանալու»:

pressing.am

Տեսանյութեր

Լրահոս