Օրբանը ՌԴ միջուկային դոկտրինի թարմացումից հետո պաշտպանության խորհուրդ է հրավիրել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտպանության խորհրդի նիստ է անցկացրել՝ կապված ՌԴ տարածքին հարվածելու համար Ուկրաինային արևմտյան հեռահար զենքեր կիրառելու թույլտվության և ռուսական միջուկային դոկտրինը թարմացնելու շուրջ ստեղծված իրավիճակի սրման հետ։ Տեղեկությունը հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին։
Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի պաշտոնական կայքում հրապարակվեց նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը հաստատում էր միջուկային զսպման թարմացված սկզբունքները։ Դոկտրինում ասվում է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել, եթե զանգվածային ոչնչացման զենք օգտագործվի իր կամ իր դաշնակիցների դեմ, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում սովորական զենքի կիրառմամբ, որը կրիտիկական սպառնալիք է ստեղծում պետությունների ինքնիշխանության և ամբողջականության համար:
Ըստ Հավաշիի՝ պաշտպանության խորհրդի անդամները վերլուծել են ԱՄՆ որոշումների և ռուսական միջուկային քաղաքականության թարմացման հետևանքները։
«Քննարկվել է ռազմական իրավիճակն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը թույլատրել է արևմտյան զենք օգտագործել ռուսական հեռավոր տարածքներին հարվածելու համար, ինչպես նաև Ռուսաստանի միջուկային զսպման դոկտրինում փոփոխություններ կատարելը»,- նշել է նա։
Ավելի վաղ «New York Times>-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջին անգամ արտոնել է Ուկրաինային ATACMS հրթիռներ օգտագործել ՌԴ տարածքի վրա հարձակվելու համար։ ԵՄ ներկայացուցիչները պարզաբանել են, որ խոսքը 300 կմ շառավղի մասին է։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերն իբր արդեն հարվածել են Ռուսաստանի տարածքին, սակայն Ուկրաինայի ԳՇ–ն չի հաստատել այդ տվյալները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման որոշումները լարվածության նոր փուլ է անվանել։ Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս բարձրաձայնել է Ռուսաստանի դիրքորոշումը, այն է` Արևմուտքի երկրների անմիջական մասնակցությունը կընկալվի որպես հակամարտության էության փոփոխում։ Ի պատասխան Ռուսաստանը ստիպված կլինի ստեղծված սպառնալիքներին համապատասխան միջոցներ ձեռնարկել։