ԱՄՆ-ն 275 մլն դոլարի զենքի նոր փաթեթ է ուղարկում Կիևին. թույլատրվել է նաև հակահետևակային ականների մատակարարում. ԶԼՄ-ներ
Պենտագոնն Ուկրաինային կուղարկի առնվազն 275 միլիոն դոլարի նոր սպառազինություններ, մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում է հնարավորինս շատ օգնություն ուղարկել Կիևին նախքան ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կստանձնի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթը ներառում է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 155 մմ և 105 մմ հրետանային արկեր, Javelin հակազրահային ռազմամթերք և այլ սարքավորումներ ու պահեստամասեր։ Պենտագոնն այս զենքերը կտրամադրի իր ձեռքի տակ եղած սպառազինությունից, որպեսզի դրանք արագ հասնեն Ուկրաինայի առաջնագիծ։
Սպիտակ տունը փորձում է Կոնգրեսի կողմից հաստատված ամբողջ ֆինանսավորումը հասցնել Ուկրաինային։ Դա նշանակում է, որ ԱՄՆ վարչակազմը մինչև Թրամփի երդմնակալությունը դեռ 7,1 միլիարդ դոլարի զենք պետք է փորձի մատակարարել Կիևին։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 19-ին հայտարարել է, որ հավանություն է տվել Կիևին 100 միլիոն դոլարի պաշտպանական սարքավորումների և ծառայությունների վաճառքին։ Դա ներառում է տրանսպորտային միջոցների վերանորոգում, տեխնիկական աջակցություն, ուսուցում և լոգիստիկայի և ծրագրային աջակցության այլ հարակից տարրեր:
Ի տարբերություն Պենտագոնի տրամադրած զենքի փաթեթի, Ուկրաինայի կառավարությունն այս դեպքում վճարելու է։
Իսկ The Washington Post-ի երկու աղբյուրները հայտնել են, որ Բայդենը թույլատրել է Ուկրաինային հակահետևակային ականներ մատակարարել։ Նշվում է, որ, ըստ Պենտագոնի, Կիևին ականներ տրամադրելը Ռուսաստանի հարձակումը դանդաղեցնելու ամենաօգտակար քայլերից մեկն է։
Ինչպես հայտնել է The Washington Post-ի զրուցակիցներից մեկը, ուկրաինացի քաղաքական գործիչները խոստացել են ականներ չտեղադրել խիտ բնակեցված վայրերում։ Մյուս աղբյուրը պարզաբանել է, որ ականների կիրառումը սահմանափակվելու է Ուկրաինայի տարածքով։ Սակայն պարբերականն ընդգծում է, որ Ուկրաինային հակահետևակային ականների մատակարարումը հակասական է, քանի որ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը։