Բաժիններ՝

Լիտվայի նախագահը չի բացառել Բալթիկ ծովի հատակով անցնող կապի մալուխի դեմ դիվերսիայի տարբերակը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չի բացառել, որ Շվեդիայի հետ ստորջրյա հաղորդակցության մալուխի խափանումը դիվերսիայի արդյունք լինի։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Վերջնական եզրակացություններ անելն առայժմ վաղ է, բայց հնարավոր է երկու տարբերակ՝ դիտավորյալ վնասում և վթար  անզգուշության պատճառով», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Լիտվայի ղեկավարի խոսքով՝ պատասխանատու մարմիններն զբաղվում են արտակարգ պատահարի հետաքննությամբ։

Լիտվայի գլխավոր դատախազությունը նոյեմբերի 19-ին հայտնել է, որ ուսումնասիրում է միջադեպի հանգամանքները, հավաքվում են նյութեր։

Բալթիկ ծովի հատակով անցնող C-Lion1 հեռահաղորդակցության մալուխի խափանումն արձանագրել է Լիտվայի Telia Lietuva հեռահաղորդակցական ընկերությունը։ Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, ինչի մասին անմիջապես ազդանշան են տվել վերահսկման համակարգերը։ Առայժմ պարզ չէ՝  տեղի է ունեցել մալուխի վնասում, թե այն ամբողջովին կտրվել է։ Շարքից դուրս եկած մալուխը վաղուց է եղել շահագործման մեջ: Դրա հետ միջադեպեր նախկինում էլ են եղել։ Դիվերսիայի դեպքեր չեն գրանցվել։

Միջադեպի պատճառով մեկ երրորդով կրճատվել է ինտերնետ հասանելիության թողունակությունը: Շվեդիայի հետ կապն ապահովվում է երեք մալուխի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս