Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործումը կարող է ՌԴ-ին ստիպել խաղաղության բանակցությունների գնալ. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրայան Նիքոլսը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ամերիկյան հեռահար զենքերի օգտագործման թույլտվությունը, հնարավոր է, ստիպի Ռուսաստանին խաղաղության շուրջ բանակցություններ սկսել։
ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի երկրների հետ հարաբերությունների հարցերով օգնականն այս մասին հայտնել է բրազիլական O Globo պարբերականին տված հարցազրույցում։
Փաստորեն, նոյեմբերի 18-ից շրջանառվող հաղորդագրություններից հետո առաջին անգամ է ամերիկացի պաշտոնյան հաստատում, որ Սպիտակ տունը Կիևին արտոնել է հեռահար զենքեր կիրառել Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար:
«Պետք է հիշել, որ պատերազմը սկսվել է Ռուսաստանի չհրահրված ներխուժմամբ Ուկրաինա։ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել հենց հիմա, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից և հարգի Ուկրաինայի սահմանները…. Զենքերը, որոնք նախագահ Բայդենը լիազորել է Ուկրաինային օգտագործել, այդ երկրին ավելի մեծ կարողություն կտան պաշտպանվելու, և հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնությանը թույլ կտան հասկանալ, որ ուժի կիրառումը ուկրաինական տարածքը գրավելու համար հաջողությամբ չի պսակվի, և գուցե նա սկսի խաղաղության բանակցություններ վարել կամ, ինչն ավելի լավ կլինի, պարզապես դուրս գալ Ուկրաինայի տարածքից», – ասել է Նիքոլսը։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էր հաստատել, որ Սպիտակ տունը հանել է Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքերով Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածներ հասցնելու սահմանափակումները։