Նյու Դելիում օդի աղտոտվածության պատճառով փակել են դպրոցները, արգելել շինարարությունը
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները փակել են դպրոցները, դադարեցրել շինարարական աշխատանքները և արգելել ոչ կենսական նշանակություն ունեցող բեռնատարներին մտնել Նյու Դելի, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը հասել է այս սեզոնի ընթացքում վատթարագույն մակարդակին։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
33 միլիոն բնակչություն ունեցող քաղաքին առավոտյան թունավոր սմոգ է պարուրել, օդի որակը դարձել է վտանգավոր։ Տեսանելիությունն այնքան է նվազել, որ որոշ ավիաընկերություններ նախազգուշացրել են չվերթերի հետաձգումների մասին։
Նյու Դելիի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ապահով մակարդակից 50 անգամ բարձր։ Ըստ կանխատեսումների՝ օդի վատ որակը կպահպանվի շաբաթվա ընթացքում։