«Բարի գալուստ, բարի վերադարձ». Բայդենը Սպիտակ տան հանդիպմանն ասել է Թրամփին

Սպիտակ տունը և Թրամփի թիմը կառուցողական աշխատում են անցումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի Սպիտակ տանը հյուրընկալել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպման նպատակն է ցույց տալ իշխանության սահուն փոխանցումը մի վարչակազմից մյուսին, թեև Թրամփի թիմը դեռևս չի ստորագրել անցումային գործընթացի մեկնարկի հետ կապված փաստաթղթեր։

«Նա (Բայդենը) հետևում է նորմերին, հարգում է մեր (ժողովրդավարական) ինստիտուտները, հետևում է իշխանության խաղաղ փոխանցման (սկզբունքին)», – երեքշաբթի լրագրողներին ասաց Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ -Սա է նորմը։ Սա այն է, ինչ պետք է տեղի ունենա»:

Թրամփն անցած շաբաթ ընտրություններում հաղթելուց հետո առաջին անգամ վերադարձավ Սպիտակ տուն։

«Բարի գալուստ, բարի վերադարձ», – հանդիպման սկզբում Թրամփին ասել է Բայդենը:
Նա Թրամփին խոստացել է ապահովել իշխանության սահուն փոխանցում և անել հնարավոր ամեն բան՝ «համոզվելու համար, որ դուք ունեք այն ամենը, ինչ Ձեզ անհրաժեշտ է»։

«Ամեն ինչ այնքան հարթ կլինի, որքան հնարավոր է», – ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը տոնել է իր հաղթանակը հանրապետական օրենսդիրների հետ, ովքեր մոտ են ապահովելու Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքների հիման վրա:

Չորեքշաբթի ավելի վաղ Թրամփը իր Trump Force One ինքնաթիռով ժամանել էր Վաշինգտոն՝ վայրէջք լատարելով Էնդրյուս ռազմաօդային բազայում։

Թրամփի թիմը, որն արդեն հայտարարել է նոր վարչակազմում որոշ պաշտոնների համար թեկնածուների մասին, դեռ պետք է համաձայնագրեր ստորագրի գրասենյակային տարածքների և կառավարական սարքավորումների, ինչպես նաև պետական հաստատությունների և տեղեկատվության հասանելիության վերաբերյալ, հայտնել է Սպիտակ տունը:

«Թրամփի և Վենսի անցումային թիմի իրավաբանները շարունակում են կառուցողականորեն համագործակցել Բայդենի և Հարիսի վարչակազմի իրավաբանների հետ՝ նախագահական անցումային ակտով նախատեսված բոլոր համաձայնագրերի շուրջ», – ասվում է Թրամփի անցումային թիմի խոսնակ Բրայան Վենսի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս