Թրամփի դեմ երկու գործերը քննած հատուկ դատախազը մտադիր է հրաժարական տալ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երկու գործեր հետաքննած հատուկ դատախազ Ջեք Սմիթը մտադիր է դադարեցնել իր աշխատանքը և հրաժարական տալ: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Սմիթը և նրա թիմի անդամները նախատեսում են պաշտոնից հեռանալ մինչև հունվար՝ նախքան Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Ավելի վաղ Թրամփը խոստացել էր Սմիթին պաշտոնանկ անել իր երդմնակալությունից երկու վայրկյան անց:
Նշվում է, որ դեռևս պարզ չէ՝ կկարողանա՞ Սմիթը հրապարակել իր քննության արդյունքները քանի դեռ գործող նախագահ Ջո Բայդենը շարունակում է պաշտոնավարել:
Պարբերականը նշում է, որ ամեն դեպքում Սմիթին չի հաջողվի մեղադրանք ներկայացնել Թրամփին, քանի որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախկինում եզրակացրել էր՝ գործող նախագահին չպետք է առաջադրվի մեղադրանք, որը կարող է խանգարել նրան արդյունավետ ղեկավարել երկիրը:
Ջեք Սմիթը հետաքննում է Թրամփի գործողությունները, որոնք նա, ըստ մեղադրող կողմի, ձեռնարկել է 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը պահպանելու համար: Խոսքը, մասնավորապես, 2021 թվականի հունվարի 6-ի նրա ելույթի մասին է, երբ Թրամփը մի քանի անգամ հայտարարել էր, թե ընտրությունները կեղծվել են: Դրանից հետո նրա կողմնակիցները ներխուժել էին Սպիտակ տուն: Թրամփը մեղադրվում է 2020 թվականի ընտրությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու և հունվարի 6-ի իրադարձություններից օգտվելու միջոցով իշխանությունը պահելու փորձի համար: