Սուրեն Պապիկյանը լյուստրացիայի լայն դաշտ ունի. կհանձնի՞ քննությունը
2021 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես պետք է փոխել, ժամկետը կրճատել. «Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»:
Իսկ իշխանամերձ քաղաքական ուժերը կոչ էին անում անցնել պայմանագրային ծառայության: Նման փոփոխությունների պետք է անցնել աստիճանաբար և զգուշավոր, և, որ Հայաստանն այսօր չի կարող իրեն թույլ տալ լիովին բացառել կանոնավոր բանակը, երբ եվրոպական շատ երկրներ անգամ մտածել են կանոնավոր բանակի անցման մասին: Բացի այս, եթե ՀՀ իշխանություններն իրապես նպատակ ունեին անցնել պրոֆեսիոնալ բանակի, ինչի մասին իշխանափոխությունից հետո սկսել են խոսել, ապա համապատասխան քայլեր կձեռնարկեին՝ առանց ժամանակ կորցնելու, մինչդեռ ժամանակ կորսվել է անգամ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո:
Նշենք, որ երբ հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել էր ժամկետային ծառայության կրճատման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոստման մասին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքել էր, թե զինծառայության ժամկետի կրճատման կարող են գնալ, բայց պետք է հաշվի առնել ներկա իրավիճակը և ելնել երկրի անվտանգության առաջնահերթություններից: Կարո՞ղ ենք ասել, որ 2021 թվականին իրենց քաղաքական առաջնորդի հայտարարությունը «ոտքի վրա արված», պոպուլիստական, առանց սառը հաշվարկի հայտարարություն էր, հատկապես, երբ ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու նպատակ կար, ինչն իրականացվեց 2021 թվականի հունիսին:
Այսօր ՀՀ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձյալ նշել է, որ կանոնավոր բանակից կամ ժամկետային ծառայությունից չեն հրաժարվելու:
«Մեր ընդունած համակարգն ու հայեցակարգը նրա մասին է, որ համակարգը լինելու է հիբրիդային, այսինքն՝ պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանում շարունակելու է լինել, որը մեզ համար հանդիսանալու է ռեսուրս, որպեսզի համալրենք պրոֆեսիոնալ բանակի շարքերը։ Այսօր հասել ենք նրան, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեծաքանակ երիտասարդներ դառնում են մեր պրոֆեսիոնալ բանակի մասնիկը»:
Այս համատեքստում պաշտպանության նախարարն անդրադարձել է զորակոչի խնդիրներին:
«Զորակոչը շարունակում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք։ Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի։ Այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով, պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել: Պետք է մենք բարոյական հենքի վրա մեզ հետ առերեսվենք, և ինձ համար վատ տենդենցի դեմը վերջապես առնենք»,- ընդգծել է Պապիկյանը:
Իրականում վատ բան չի ասում պաշտպանության նախարարը՝ հաշվի առնելով զինված ուժերում մարդկային ռեսուրսի խնդիրը, երբ ժամկետային զինծառայությունը գոյություն ունի և ունենալու է, և հենց սրանով են պայմանավորված նաև հերթափոխի, զինվորի քնել-չքնելու հետ կապված խնդիրները: Առաջիկայում կփորձենք պարզել, թե պետական կառավարման համակարգում ով կամ ովքեր են փորձել հրաժարեցնել իրենց զավակներին ՀՀ քաղաքացիությունից, որ իրենց իսկ քաղաքական թիմի անդամի ղեկավարման ներքո չծառայեն:
Բայց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդյո՞ք լյուստրացիա կանի՝ պարզելու, թե ՔՊ-ականների առողջական խնդիրները, որոնց պատճառով ազատվել են բանակից, իրականում որքանով էր նրանց խանգարելու ծառայել, թեկուզև՝ ոչ մարտական հերթապահությամբ։ Ի վերջո, նրանցից որոշները մասնակցում են Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներին և կարծես թե առողջության հետ լուրջ խնդիրներ չունեն:
Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը ևս չի ծառայել բանակում, և եթե անգամ օրենքը թույլ է տվել, ապա ցանկություն չի եղել զինվորական ծառայություն անցնելու: Սուրեն Պապիկյանը կողմ կլինի՞, որպեսզի բարձր պաշտոններ չզբաղեցնեն ՀՀ այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել բանակում:
Ի դեպ, արդյո՞ք Սուրեն Պապիկյանը ճիշտ է համարում 25-օրյա վարժանքները, որոնք փորձում են կատարելագործել, դրանով նաև մարդկային ռեսուրսի խնդիր լուծել, և արդեն բարձրացված թեմայի շրջանակում կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի որդուն, ով ծառայել է, որևէ անգամ ծանուցում չի ուղարկվել:
Իսկ եթե այս ամենին գնալու համարձակություն չեն ունենալու, արդյո՞ք ՀՀ շարքային քաղաքացու վրա մուննաթ գալու բարոյական իրավունք ունեն:
Ըստ էության, Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ ամբիոնից յուրօրինակ զգուշացում հնչեցրեց: Իսկ թե ինչ զարգացումներ կունենա նրա այս զգուշացումը՝ պարզ կլինի լյուստրացիայի արդյունքներից, ինչը, ըստ էության, ԱԺ ամբիոնից խոստացավ իրականացնել Սուրեն Պապիկյանը: