«Արցախը պլանավորված հանձնել է ՀՀ իշխանության պարագլուխը՝ Նիկոլ Փաշինյանը, իր խմբակի՝ ուսապարկերի հետ. կատարեցին հանցանք ու չպատժվեցին». Մետաքսե Հակոբյան

Չորս տարի առաջ այս օրերին, երբ թշնամին ներխուժել էր Շուշի, և նախանշվում էր Շուշիի անկումը, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում փորձում էր հանրությանը հուսադրել կամ թմրեցնել՝ ասելով, թե՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Նման գրառում նա արել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ ֆեյսբուքյան իր էջում, իսկ այս գրառումից ժամեր անց արդեն ուղիղ եթերում հայտարարեց եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին, որով Արցախի մեծ մասը հանձնվում էր Ադրբեջանին, Արցախում տեղակայվում էր ռուս խաղաղապահ զորակազմ, թշնամուն հանձնվում էր նաև Քարվաճառը, որն այդ ժամանակ Ադրբեջանը չէր գրավել։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ 2020 թվականի Շուշիի անկումից ու եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո արդեն ակնհայտ էր, որ Արցախի մի մասը հանձնվել է՝ ՀՀ իշխանությունն ամբողջ պատերազմի ընթացքում իր վարած քաղաքականությամբ այդ նպատակն է հետապնդել։

«2020 թվականի պատերազմի հետո, երբ Արցախում էինք՝ նոյեմբերի 8-9-ը, որոշ չափով տանելի էր, քանի որ մեր հողում էինք, մտածում էինք, որ ոտքի ենք կանգնելու ու նորից ամեն ինչ հետ ենք բերելու։ Բայց հիմա, երբ Արցախը հայաթափվել ու օկուպացվել է Ադրբեջանի կողմից, իրականությունը շատ ավելի ակնհայտ ու ցավալի է դարձել։ Հասկացանք նաև, որ իլյուզիա էր մեր այն պատկերացումները, որ կարող ենք այս իշխանության օրոք իրավիճակը փոխել հօգուտ մեզ։

Ակնհայտ է, 44-օրյա պատերազմում ժողովրդի ու բանակի պարտություն չի եղել, և Շուշիի անկումը, ինչը նշանակում էր Արցախի անկում, պլանավորած էր այն մարդկանց հետ, ում պետք է բերեին իշխանության, որոնք 2018 թվականին պետք է իշխանությունը Հայաստանում զավթեին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Կարդացեք նաև

Նա շեշտեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբից մինչև վերջին օրն Արցախում է եղել և ամեն ինչ ասում է՝ որպես ականատես։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները կատարեցին հանցագործություն, չպատժվեցին ու ավելի անբռնազբոս դարձան, թույլ տված սխալները կրկնապատկեցին, բացահայտեցին իրենց նպատակները, որի արդյունքում Արցախն ամբողջովին հանձնեցին թշնամուն։

«Առ այսօր իրենց այդ քայլերը շարունակում են։ Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ Արցախը պալնավորված հանձնել է ՀՀ իշխանության պարագլուխը՝ Նիկոլ Փաշինյանը, իր խմբակի՝ ուսապարկերի հետ։ Առավել ևս Թուրքիայի վերջին արձագանքներից հետո գործընթացը շատ ավելի ակտիվ փուլում է և այժմ գործընթացը վերաբերում է Հայաստանին։ Այս իշխանությունը կանգ չի առնելու, եթե նրան չկանգնեցնեն, իրենք ամեն ինչ անելու են իրենց իշխանությունը պահելու համար, որովհետև հակառակ դեպքում՝ իրենք պետք է պատասխան տան իրենց բոլոր հանցագործությունների համար։

Պատերազմի ամբողջ ընթացքում Արցախում եմ եղել, տեսել եմ իրականությունը. իմ վերլուծությունները փաստերի հիման վրա են»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Նշենք, որ Քարվաճառը թշնամուն հանձնվեց 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, ով Քարվաճառն ազատագրողներից մեկն է եղել։

Ի դեպ, Ադրբեջանում այս օրերին պատրաստվում են մեծ շուքով նշել Շուշիի գրավումը։

Տեսանյութեր

Լրահոս