«Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականության պատասխանատվությունը, այստեղ չէի լինի». Սրբուհի Գալյան
Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ իր նշանակումը նախարարի պաշտոնին սպասելի չէր։
«Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ ու տվել իմ գիտակցված համաձայնությունը։
Ես նախկինում քաղաքական պատասխանատվության բեռն արդեն ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցնում էի Արդարադատության նախարարի պաշտոնը, և պատասխանատվության գիտակցումը պայմանավորել է նաև իմ համաձայնությունն առաջարկին։
Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական պատասխանատվությունը, ապա այստեղ չէի լինի»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սրբուհի Գալյանը։
Հարցին՝ ի՞նչ է անելու, որպեսզի Հայաստանում արդարություն լինի, քաղբանտարկյալներ չլինեն, Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ Արդարադատության նախարարի հիմնական անելիքն այս հարցի հետ կապված քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է, նաև արդարադատության համակարգի կայուն միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը։
«Այս երկու կոմպոնենտի պահպանմամբ կփորձենք նախ վեր հանել խնդիրը, թե որտեղ է իրականում արդարության պակասի զգացում ձևավորվում մեր քաղաքացիների մոտ»,- շեշտեց նա։
Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկա՞ն, Սրբուհի Գալյանը պատասխանեց՝ ոչ։
Ճշտող հարցին, այդպես է ասում, որովհետև այս պահին Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը բանտում չե՞ն, Սրբուհի Գալյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ այն բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվում են՝ հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում