Մեկնարկել է ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական` 12-րդ նիստը
2013թ. ապրիլի 18-ին Երևանում սկսվեց ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական` տասներկուերորդ նիստի աշխատանքը:
Նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից` Եվրոպական Հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն (Luc Pierre Devigne):
Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ընդհանուր մակրոտնտեսական զարգացումները Հայաստանի Հանրապետությունում, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությանը, երկկողմ առևտրին և ԵՄ Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին (GSP+) վերաբերող հարցեր:
Կողմերը կանդրադառնան ստանդարտացման, տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության հավաստման, սանիտարական և բուսասանիտարական միջոցների, մտավոր սեփականության, պետական գնումների, ներդրումային միջավայրի բարելավման, ընկերությունների հիմնադրման, հաշվապահության և աուդիտի, ֆինանսական ծառայությունների, կապիտալի տեղաշարժի և ընթացիկ վճարների ոլորտներին առնչվող խնդիրներին: Նիստի օրակարգում են նաև բարեփոխումները և զարգացումները հարկային և մաքսային ոլորտներում, համագործակցությունը վիճակագրության ոլորտում, մրցակցության, ձեռնարկությունների ոլորտում իրականացվող քաղաքականության և ԵՄ տեխնիկական աջակցության հարցերը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Լրացուցիչ տեղեկատվություն
ՀՀ-ԵՄ Առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հիմնադրման վերաբերյալ որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Հանձնաժողովի ու նրա անդամ պետությունների միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա ստեղծված ՀՀ-ԵՄ Համագործակցության կոմիտեի առաջին նիստի ընթացքում: Ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում` 2000 թվականիի հուլիսի 18-ին: