«Հորեղբորս բիզնեսն է, ես կապ չունեմ». Սոցապ նախարարը՝ ՊԵԿ-ի կողմից 100 մլն դրամի ստվերային շրջանառության բացահայտման մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, թե «Լիաննա գարդեն հոլ»-ն իր հորեղբոր բիզնեսն է, թեև չի հերքել, որ տարիներ առաջ հայրն է հիմնել ընկերությունը։
«Յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Լիաննա գարդեն հոլ»-ում ՊԵԿ-ի կողմից 100 մլն դրամի ստվերային շրջանառության բացահայտմանը։
«Կարդացեք ՊԵԿ-ի հայտարարությունը։ Ես տեղյակ չեմ, այն ինչ գրված է՝ գրված է։ Ես, առհասարակ, չեմ խառնվում այդ գործերին, ընդհանրապես կապ չունեմ այդ բիզնեսի հետ։ Իմ հորեղբոր բիզնեսն է, նա զբաղվում է բիզնեսով դեռ 2000-ականներից շուտ։ Եթե չեմ սխալվում՝ համադրումների խնդիր է եղել և վերականգնվել է։ Դա իմ խնդիրը չէ»,- նշել է նա։
Դիտարկմանը, թե դեպքը վերաբերում է իր ընտանիքին պատկանող բիզնեսին՝ նախարարն արձագանքել է, որ իր ընտանիքը շատ ավելի մեծ է։ «Ավելի շատ անդամներ դուք կարող եք տեսնել, հետևաբար, յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս։
Հայաստանում չկա արտոնյալ մարդ՝ կլինի Սոցապ նախարար, Էկոնոմիկայի նախարար, թե ցանկացած աստիճանի պաշտոնյա, բոլորը օրենքի առաջ հավասար են։ Կլինի որևէ չարաշահում՝ կլինի համապատասխան գնահատական։ Բոլորը պետք է պատասխան տան»,-ասել է նա։