Այս տարի Հայաստանը Իրանից առաջին անգամ ավելի շատ է գազ ներմուծելու. Սանոսյան

Այս տարի առաջին անգամ Հայաստանը Իրանից ավելի շատ է գազ ներմուծելու։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այս տարիներին Իրանից ներմուծվող գազի ծավալը միջինացված եղել է օրական 1 մլն խմ գազ, իսկ տարեկան կազմել է 360–370 մլն խմ։ Այս տարի մենք արդեն իսկ անցել ենք 370 մլն խմ–ի ներմուծումը, որին համարժեք ՀՀ–ն էլեկտրաէներգիա է արտահանել»,– նշեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Իրանի միջև «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականին, որը 2023 թվականին երկարաձգվեց մինչև 2030 թվականը։

Սանոսյանը նշեց, որ բավական երկար ժամանակ հայկական կողմը իրանի գործընկերների հետ բանակցել է պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

«Կարծում եմ` լավ պայմանագիր է, բոլոր կողմերի համար շատ շահավետ։ Նորմալ աշխատանքային կարգով շարունակում ենք մեր գործողությունները»,– ասաց Սանոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին դեռ հուլիսին էր ասել, որ իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կկրկնապատկվի։

Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։

Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ գազ (2023-ին՝ 2 մլրդ 360,4 մլն), ինչպես նաև Իրանից՝ 300-400 մլն (2023-ին՝ 370,4 մլն)։ Ռուսական գազն օգտագործվում է ընդհանուր սպառման, իրանականը՝ ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար։

Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով (միջազգային շուկայական գներից շատ ցածր), և այս սակագինը կպահպանվի մինչև 2030 թվականը։ Իրանից գազ է ձեռք բերվում փոխանակման սկզբունքով (1 խմ գազ 3 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց, որն արտադրվում է Երևանի ՋԷԿ–ում-ում և այլ ջերմաէլեկտրակայաններում)։ Հայաստանի սպառողները գազը ստանում են հետևյալ սակագներով՝ սոցիալապես անապահով տնային տնտեսությունները՝ 100 հազար դրամով (257 դոլար), այլ տնային տնտեսությունները` 143,7 հազար դրամով (370 դոլար), ագրոարդյունաբերական սուբյեկտները՝ 233,9 դոլարով, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ սպառում ունեցող այլ ձեռնարկությունները՝ 265,81 դոլարով։

Տեսանյութեր

Լրահոս