Բաժիններ՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշտադիտարկում և փաստագրում է մշակութային ժառանգություններն՝ օգտագործելով արհեստական բանականությունը․ Քրիստինա Պիկատ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշտադիտարկում և փաստագրում է մշակութային ժառանգություններն ինչպես խաղաղ, այնպես էլ ճգնաժամերի ժամանակ՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականությունը։

Այս մասին Մատենադարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովի ընթացքում նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը։

Պիկատը ներկաներին հիշեցրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաագայի կոնվենցիան ծնվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների հետևանքով՝ ի պատասխան մշակութային արժեքների համատարած ոչնչացման, զանազան վայրերի ռմբակոծման և տարբեր այլ օբյեկտների թալանի, որոնք անչափելի արժեք են ներկայացրել մարդկության համար:

«Որպես այդպիսին՝ այս առաջին և համապարփակ բազմակողմ պայմանագիրը, որը վերաբերում է մշակութային արժեքների պաշտպանությանը, շատ սպասված և անհրաժեշտ էր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կորեայի ամսագիրը իր 1954 թվականի հրատարակության մեջ ողջունեց այս կոնվենցիայի ընդունումը և նշեց, որ փորձը ցույց է տվել, որ կարող են միջոցներ ձեռնարկվել վնասը սահմանափակելու համար, եթե լավ պլանավորում լինի», – ասաց Քրիստա Պիկատը:

Նա հայտնեց, որ ամբողջ աշխարհում Հաագայի կոնվենցիան վավերացվել է 136 երկրների կողմից։ Կոնվենցիան մշակույթի ոլորտում այլ կոնվենցիաների հետ միասին սահմանել է նորմատիվային ստանդարտների և կանոնների շրջանակ, որոնք նաև սահմանում են էական կանխարգելիչ միջոցներ և ամրապնդում են միջազգային համագործակցությունը՝ պաշտպանելու շարժական և անշարժ, նյութական և ոչ նյութական, ինչպես նաև ստորջրյա ժառանգությունը և, իհարկե, ստեղծագործական արդյունաբերությունը, թանգարանները և մշակութային հաստատությունները։

«Այսօր, ցավոք, մենք դեռ տեսնում ենք, որ ճգնաժամերը զբաղեցնում են լուրերի վերնագրերը՝ ներառյալ հակամարտությունները, որոնք անմիջական ազդեցություն են ունենում մշակույթի վրա՝ լինի դա միտումնավոր, թե ոչ միտումնավոր:

Մշակույթն անսահման ռեսուրսներ է տրամադրում արձագանքելու և զարգացման մարտահրավերներին հարմարվելու, խաղաղության կառուցման և սոցիալական համախմբվածության ու կայուն ապագայի խթանման առումով», – ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրենը:

Նրա խոսքով՝ Հաագայի կոնվենցիայի 70-ամյակի նշելը նաև հնարավորություն է տալիս անդրադառնալ կոնվենցիայի իրականացմանը, առաջ նայել և տեսնել, թե որո՞նք են այն նոր մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել և ինչպե՞ս կարելի է օգտագործել, օրինակ, արհեստական ​​ինտելեկտը և նոր տեխնոլոգիաները մշակութային ժառանգության պաշտպանության համար:

«Երկար տարիներ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քայլեր է ձեռնարկում ավելի լավ սահմանելու նոր տեխնոլոգիաների ներդրումը և տվյալները, որոնք նրանք արտադրում են մշակույթը պաշտպանելու մեր մանդատի շրջանակներում: Մենք կազմակերպել ենք մի շարք նախագծեր այս տեխնոլոգիաների կիրառումը փորձարկելու համար, և ես վստահ եմ, որ մենք ժամանակ և առիթ կունենանք դրանք ավելի մանրամասնելու: Մենք մշտադիտարկում և փաստագրում ենք ժառանգությունը, ինչպես խաղաղ, այնպես էլ ճգնաժամերի ժամանակ՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականությունը», – ասաց Քրիստինա Պիկատը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս