Գերիների հարցով այլ գործընթացներ կան. Սիրանույշ Սահակյան
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այն գերիների վերադարձի վերաբերյալ հարցերին, որոնք թեև հայտնվել են Ադրբեջանի հսկողության տակ, զրկվել են իրենց ազատությունից, սակայն Ադրբեջանը պաշտոնապես չի ընդունում այդ հանգամանքը՝ հրաժարվելով անգամ տեղեկություն տրամադրել։
«Այս անձինք գերիներից փոխակերպվում են բռնի անհետացածների,- պարզաբանեց իրավապաշտպանը՝ մանրամասնելով,- Այս մասով հիմնական աշխատանքները տարվում են ՄԻԵԴ-ում, երբ տուժած անձանց ընտանիքների անունից ներկայացվում են գանգատներ։ Բայց նաև կարևոր մեխանիզմ է ՄԱԿ հովանու ներքո գործող «Բռնի անհետացածների խնդրով զբաղվող» աշխատանքային խումբը. այս կառույցի հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, հետաքրքրական է, որ դեռևս սույն թվականի հուլիսին այս մեխանիզմը համատեղ կերպով նախաձեռնեց կոմունիկացիա Ադրբեջանի իշխանությունների հետ»։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Ադրբեջանի իշխանություններից այս հարթակը տեղեկություններ է խնդրել բռնի անհետացման դեպքերի վերաբերյալ․ Ադրբեջանին տրամադրվել է 60-օրյա ժամկետ։
«Մեր տեղեկությամբ՝ այդ պատասխանը ներկայացվել է, սակայն դեռ հրապարակային չէ,- հավելեց նա, ապա տեղեկացրեց,- Նաև այլ գործընթացներ կան, մենք փորձում ենք նաև բացահայտել այդ ուղիները․ նպատակը դարձյալ մեկն է՝ ինտենսիվացնել քաղաքական ճնշումը»։
Մանրամասները՝ տեսանյութում