Սոս Գիմիշյան. ՀԱԿ-ը գոյություն ունի, քանի դեռ անդամ տասը կուսակցություններից և ոչ մեկ չի հայտարարել դաշինքից դուրս գալու մասին
Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները: Հայտարարության մեջ նաև ասված էր, թե Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են, խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները, ինչպես նաև կոչ է արվում ՀԱԿ-ի կազմից դուրս եկած կուսակցություններին՝ վերադառնալ Հայ ազգային կոնգրես:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք առնչություն չունեն այդ հայտարարության հետ, ու տեղյակ չէ, թե ովքեր են դրա հեղինակները:
Իսկ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հայտարարությունը տարածվել է ՀԱԿ դաշինքի կազմում գտնվող հինգ կուսակցությունների կողմից՝ «Ժողովրդավարական Հայրենիքի», Կանաչների կուսակցության, ԺՈՒԿ-ի և «Մարդու իրավունքներ 96» կուսակցության:
Սոս Գիմիշյանի փոխանցմամբ՝ իրենց հարաբերությունները սառեցրել են «Այլընտրանք» և «Ազատություն» կուսակցությունները, իսկ մնացած կուսակցությունները, մասնավորապես՝ ՀԺԿ-ն ու ՍԴՀԿ-ն, չեն հայտարարել դաշինքից դուրս գալու մասին: Թեպետ ՍԴՀԿ-ի հարցում, նրա խոսքով, մի փոքր անհստակություն կա. «Մենք կապվել ենք Լյուդմիլա Սարգսյանի հետ ու փորձելու ենք էլի կապվել՝ դիրքորոշումն իմանալու համար»:
Ս. Գիմիշյանի խոսքով, իրենք դիմել են ՀԱԿ անդամ այն կուսակցություններին, որոնք պաշտոնապես դուրս էին եկել ՀԱԿ դաշինքից, սակայն «պատրաստակամություն էին հայտնել վերադառնալ դաշինքի կազմ»: Կազմը վերջնականորեն հստակեցնելուց հետո, Գիմիշյանի հավաստմամբ, իրենք կմշակեն մարտավարությունը, կզբաղվեն անվանափոխության, ընտրական հանձնաժողովների հարցերով:
Նա շեշտեց, որ այսուհետ իրենք չեն ունենա համակարգող, ու քաղխորհրդի նիստերը կվարեն ռոտացիոն սկզբունքով՝ ամեն նիստը կվարի անդամ քաղաքական ուժերից որևէ մեկի նախագահը: Բայց Գիմիշյանը հույս հայտնեց, որ գուցե գործունեության ընթացքում հայտնվի որևէ մեկը, ով կվայելի մեծամասնության համակրանքն ու վստահությունը ու կառաջնորդի պայքարը համապետական ընտրություններում:
«Այսօր համենայնդեպս նախագահի խնդիր չունենք: Մեր առաջնային խնդիրը համախմբումն է՝ մաքուր հիմքերի վրա»,- նշեց նա:
Սոս Գիմիշյանն անդրադարձավ նաև նրանց, ովքեր պնդում են, թե ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի՝ ասելով. «ՀԱԿ-ը գոյություն ունի, քանի դեռ անդամ տասը կուսակցություններից և ոչ մեկ չի հայտարարել դաշինքից դուրս գալու մասին: Մենք ասում ենք, որ մենք կանք, ուրիշ բան չենք ասում: Իսկ ովքեր ասում են՝ չկանք՝ դուրս են իրենց համարում ՀԱԿ-ից»,- նշեց նա: