«ՔՊ ներսում մրցակցություն է, թե ով կարող է հավակնել վարչապետի դերին․ ոմանք իրենց գերխնդիրն են համարում հաճոյանալ հենց Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունն անհիմն է, որովհետև եթե ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը մշտապես ճանաչել է Ադրբեջանի մաս, ստացվում է, որ բոլորը ճանաչում էին, բայց Իլհամ Ալիևը չէր ուզում ընդունել դա, որովհետև հենց Ադրբեջանի նախագահի խոստովանությամբ՝ առաջարկվել են լուծումներ, որոնք ենթադրել են տարածքների վերադարձ, բայց ինքը դրան չի գնացել, որովհետև որոշակի կարգավիճակի և հայերի ապրելու հարց էր լինելու»,- 168am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ամբողջ աշխարհը մշտապես Արցախի տարածքը որպես Ադրբեջանի մաս է ճանաչել։

Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ալեն Սիմոնյանի նման պնդումը որևէ քննության չի դիմանում, որովհետև խնդրի էությունը հենց այն է եղել, որ այդ տարածքը չի ճանաչվել Ադրբեջանի մաս, առնվազն վիճելի տարածք է համարվել։

«Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նման հայտարարություն անում, որը բացառապես ադրբեջանական թեզերի կրկնությունն է, կամ բացառապես բխում է Ադրբեջանի շահերից․ իմ խորին համոզմամբ՝ նա ցանկանում է ուղղակի ցույց տալ ադրբեջանական կողմին, որ կարող է լինել ավելի կոլաբորանտ, ավելի ադրբեջանահաճո քաղաքականություն վարել, քան Նիկոլ Փաշինյանն է վարում։ Ես այսօր ՔՊ-ի ներսում տեսնում եմ այդ մրցակցությունը, թե ով հետագայում կարող է հավակնել վարչապետի դերին, և այդ մրցակցության շրջանակներում ոմանք իրենց գերխնդիրն են համարում հաճոյանալ հենց Իլհամ Ալիևին։ Այդ ամբողջը ես տեղավորում եմ հենց այդ տրամաբանության մեջ»,- ընդգծեց նա։

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանում մեծ ուրախությամբ և հրճվանքով են արձագանքել Սիմոնյանի հայտարարություններին․ «Բայց նրանք նաև սովոր են ՀՀ իշխանություններից նման հայտարարություններ լսել, որովհետև  Հայաստանի իշխանությունները, ցավոք սրտի, վարում են նման քաղաքականություն, որը տալիս է կասկածելու հիմքեր, որ նրանք կոլաբորացիոնիզմի մեջ են ադրբեջանական կողմի հետ։ Հակառակ դեպքում, ոչ մի իշխանություն նման հայտարարություն երբեք չէր անի, որը բացառապես բխում է հակառակորդ կողմի շահերից»։

Կարդացեք նաև

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հետևանքներ կարող են նման հայտարարություններն ունենալ Հայաստանի համար։

«Իրականում այնպիսի հայտարարություններ են մշտապես արվել, որոնք Հայաստանի համար երկարաժամկետ առումով շատ բարդ և ծանր հետևանքներ են ունենալու։ Երբ հայկական կողմն իր հայտարարություններով ցույց է տալիս, որ պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել, որով ամրագրվում են պատերազմով ձևավորված իրողությունները, դա նշանակում է, որ հայկական կողմը հնարավորություն է տալիս ադրբեջանական կողմին մշտապես կիրառել պատերազմը՝ որպես խնդիրների լուծման ձև։ Եթե անգամ գնում են նման թղթի ստորագրման, եթե իշխանություններն անեին այլ բնույթի հայտարարություններ, որ դա անում են ուժի սպառնալիքի և այլնի ներքո, հետագա իշխանություններին հնարավորություններ կտար։ Բայց իրենք այնպես են դիրքավորվում, որ դա անում են մեծ ուրախությամբ, հրճվանքով, և այլն։ Դա ցույց է տալիս, որ իրենք օգնում են Ալիևին նորմալ դարձնել ուժի և ուժի կիրառման սպառնալիքը տարածաշրջանում։ Հետագայում, Աստված մի արասցե, եթե ադրբեջանական կողմը նոր ագրեսիայի գնա, շատ ավելի բարդ է լինելու միջազգային գործընկերների օգնությամբ կանխարգելել Ադրբեջանի վտանգավոր քայլերը»։

Տեսանյութեր

Լրահոս