Ով ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. քաղաքապետարանի ճոխ-ճոխ գնումները

Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում արդեն հանրայնացվել են «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպման, ծառայությունների մատուցման մի քանի պայմանագրեր։ Դրանցից տեղեկանում ենք, թե ո՞վ ու ի՞նչ ծառայության համար՝ ինչքա՞ն է ստացել քաղաքային բյուջեից․ 168am-ը ներկայացնում է առավել խոշոր գնումները։

Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետարանի և Ֆ/Ա «Գևորգ Հակոբյան»-ի միջև կնքված պայմանագրով, որի գինը 1 միլիոն 378.100 դրամ է, կողմը պարտավորվել է հոկտեմբերի 13-ին Ազատության հրապարակում համերգի ընթացքում առնվազն 10 րոպեանոց ելույթ ունենալ։

Վահե Խանամիրյանն էլ 700.000 դրամ արժողությամբ պայմանագրով ստանձնել է միջոցառման շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած էստրադային համերգի հաղորդավարի ծառայությունների կատարումը ժամը 13։00-18։00-ի ժամանակահատվածում։ Մեկ այլ հաղորդավար՝ Աննա Ավանեսյանը, 1 միլիոն դրամ է ստացել Ազատության հրապարակում դասական համերգի ժամանակ՝ 17։00-20։30 հաղորդավարի ծառայության համար։

«Թի Էմ պրոդակշն» ՍՊԸ-ն 1 միլիոն 305.600 դրամով ապահովել է Տիգրան Ժամկոչյանի՝ առնվազն 2 րոպեանոց ելույթը Հանրապետության հրապարակում կայացած գալահամերգի ժամանակ։

Կարդացեք նաև

Իսկ կոմպոզիտորներ, դիրիժոր Երվանդ Երզնկյանը «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության շրջանակներում իր նվագախմբի հետ միասին քաղաքապետարանից ստացել է 2 միլիոն 500.000 դրամ՝ Ազնավուրի հրապարակում շուրջ 80 րոպե տևողությամբ համերգի համար։

«Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ է մատուցել «Նումա» ՍՊԸ-ն՝ 10 միլիոն 530.000 դրամով ապահովելով Հյուսիսային պողոտայում 50 մասնակցով գինու փառատոնի ու Դիանա Աբգարի անվան զբոսայգում 24 մասնակցով գարեջրի փառատոնի կազմակերպումը։

Մեկ այլ ՍՊԸ՝ բոլորին հայտնի «Ռեինկարնացիա»-ն, Հանրապետության հրապարակում նախատեսված գալահամերգի ժամանակ առնվազն 2 րոպեանոց ելույթի համար կնքել է 2 միլիոն 400.000 դրամ արժողությամբ պայմանագիր։ Նույն համերգի ընթացքում Նունե Եսայանի առնվազն 2 րոպեանոց ելույթի համար էլ քաղաքապետարանի կողմից համանուն ԱՁ-ի հետ կնքված պայմանագրի գինն էլ կազմել է 1 միլիոն 268.800 դրամ։

Դիանա Աբգարի զբոսայգում Ջագ և Նարեկ Բարսեղյանի առնվազն 40 րոպեանոց ելույթի համար կնքված պայմանագրի գին է նշվել 1 միլիոն 111.200 դրամը։

Պայմանագրերից տեղեկանում ենք՝ գները ներառում են կատարողի կողմից իրականացվող ծախսերը՝ ներառյալ հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։

Ահա այսպիսի տոն, բյուջե ու ճոխ-ճոխ գնումներ, որոնց միայն մի մասին անդրադարձանք այս հրապարակմամբ։

Շարունակելի․․․

Տեսանյութեր

Լրահոս