Հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին պայմանագիր. փոխվարչապետը ներկայացրեց սահմանազատման կանոնակարգը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր: Այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

Կանոնակարգը երկու երկրների փոխվարչապետերի կողմից ստորագրվել է օգոստոսի 30-ին: Փոխվարչապետը հայտնեց, որ առ այսօր երկու երկրների հանձնաժողովների միջև կայացել է 9 հանդիպում և համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն՝ 2024-ի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման և մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները, ինչպես նաև ստորագրվել է վերոնշյալ կանոնակարգը:

Մասնավորապես 2024-ի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարևոր սկզբունքային և ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով:

2024 թվականի մայիսի արձանագրությամբ հանձնաժողովները համաձայնեցրել են երկու երկրների միջև սահմանագծի որոշակի առանձին հատվածների նկարագրությունը՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով՝ համաձայն 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին:

Գրիգորյանն ընդգծեց, որ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ արձանագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով: «Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել կանոնակարգի նախագծում:

Ապրիլի 19-ի արձանագրությամբ կողմերը պայմանավորվել են նաև կողմերի կողմից կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցեր:

Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը, որոնք ուղղված են սահմանազատման աշխատանքների բնականոն ընթացքին:

Միաժամանակ կանոնակարգով ստեղծվում են սահմանամերձ բնակիչների անվտանգության, տնտեսական գործունեության ապահովման և այլ նպատակներով լրացուցիչ մեխանիզմների կիրարկման հնարավորությունները, մասնավորապես՝ սահմանագծի անցման օպտիմալացման վերաբերյալ կարգավորումները»,-ասաց փոխվարչապետը:

Կարգավորվում են նաև հետագայում հանձնաժողովների աշխատանքների արդյունքում երկու պետությունների միջև կնքվելիք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև սահմանների անքակտելիության և տարածքային ամբողջականության ապահովման իրավական կարևոր երաշխիք է:

«Կանոնակարգի 5-րդ հոդվածի 4-րդ մասից բխում է, որ հետագայում երկու երկրների միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, և այն անցնելու է անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրությունը՝ որպես այդ միջազգային պայմանագրի բաղկացուցիչ մաս»,-նշեց փոխվարչապետը:

Նրա վստահեցմամբ՝ կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջև  սահմանային հարցերը կարգավորելու համար:Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել կանոնակարգը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Իսկ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է, որ կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Տեսանյութեր

Լրահոս