Փորձել պարտության մատնել ՌԴ-ին, նշանակում է` միջուկային հակամարտության ռիսկի գնալ․ Բլագա
Ռուսատյացությունը Եվրոպայում առողջ բանականությունից զուրկ է, եվրոպական երկրները պետք է հասկանան, որ ձգտել Ռուսաստանին պարտության մատնել՝ նշանակում է միջուկային պատերազմ վարել, իսկ դա ինքնասպանություն է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Լյուբոշ Բլագան:
«Այո՛, Սլովակիայում ռուսատյացություն կա, բայց ոչ այնպես, ինչպես Բրյուսելում կամ Ստրասբուրգում։ Դրանում ռացիոնալություն չկա, առողջ բանականություն չկա։ Նրանք իրենց բանաձևերում գրել են, որ մենք՝ ԵՄ-ն, պետք է հաղթենք Ռուսաստանին։ Լավ, Ռուսաստանը միջուկային տերություն է։
Դուք կարող եք չսիրել Ռուսաստանը, բայց այն շարունակում է միջուկային տերություն մնալ: Եթե դուք նրա պարտությունն եք ուզում՝ նշանակում է, որ պետք է միջուկային պատերազմ վարել։ Իսկ դա ուղղակի անհեթեթ է։ Դրա համար էլ ես զուգահեռներ եմ անցկացնում ֆաշիզմի դարաշրջանի հետ. դա ֆանատիզմ է, ֆիքսվածություն»,- ասել է Բլագան։
Նրա խոսքով՝ Գերմանիայում, օրինակ, կարող են չսիրել Ռուսաստանը երկու համաշխարհային պատերազմներում պարտությունների պատճառով:
«Հնարավոր է՝ նախանձում են։ Հնարավոր է՝ նրանք ձեզ չեն սիրում։ Բայց խոսքը առողջ բանականության մասին է, երբ պետք է պրագմատիկ հարաբերություններ ունենալ, խուսափել միջուկային պատերազմից։ Իսկ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հանգեցնեն հակամարտության սրմանը»,-ընդգծել է եվրապատգամավորը։
Բլագան նշել է` վերջին անգամ, երբ Արևմտյան զենքն օգտագործվել է Ռուսաստանի տարածքում, Երկրորդ համաշխարհային պատերազմն էր, և դա անում էին նացիստները: Ուստի ռուսական կողմի պատասխանը միանգամայն բնական է, իսկ եվրոպական առաջնորդները պետք է վերջապես դեպի ողջախոհություն շրջվեն։