Հայկական կողմը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն այս ամիս․ Փաշինյան

Հայկական կողմը պատրաստ է արդեն այս ամիս ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, և սա Երևանի պաշտոնական դիրքորոշումն է։ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ներկա իրավիճակը։ Փաշինյանը կրկնել է, որ համաձայնագրի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է երկու երկրների միջև, և Հայաստանն առաջարկում է ստորագրել փաստաթուղթ՝ համաձայնեցված կետերով, այնուհետև շարունակել բանակցություններն ու քննարկումները։

«Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն մնալու են սկզբունքային հարցեր, որոնք կարիք է լինելու համաձայնեցնել, լուծել, ստորագրել նոր համաձայնագրեր։ Ստորագրված և վավերացված համաձայնագրի պայմաններում մյուս հարցերի կարգավորումը կլինի ավելի հեշտ, քանի որ տարածաշրջանում մթնոլորտն այլ կլինի»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգին։ Նրա խոսքով՝ դատարանը դրանով հաստատել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այդ թվում՝ խորհրդային շրջանի սահմանների ճանաչումը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը։

Տեսանյութեր

Լրահոս