«Առաջիկայում մեզ ավելի ծանր վիճակ է սպասվում, քան հիմա կա. ինչ եղավ Արցախում՝ լինելու է Հայաստանում». Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան վստահեցնում է՝ որքան էլ շատերը քննադատեն Բագրատ սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժումը», միևնույն է՝ մայիս ամսին արդեն պարզ էր, որ այդ շարժումը միակն էր, որը կարողացավ ազգի շնչառությունը բացել։

«Մեզ մոտ խեղդված, անհույս վիճակ էր։ Այս շարժումը չի կարող տապալվել, ես միշտ ասել եմ։ Այն կարող է բովանդակային առումով որոշակի փոփոխություններ կրել, բայց մարել չի կարող։ Տեսնում ենք, որ ակտիվացել է՝ հանրահավաքների տեսքով, մարդիկ կրկին հավաքվում են, գոնե այսպես հույս կա, որ չենք վերջանում, որովհետև այսօր իրականում աղետալի վիճակ է, երբեք այսքան հուսահատ չենք եղել, ինչպես հիմա ենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հուսիկ Արան։

Բանաստեղծի բնորոշմամբ՝ երկրում դժգոհության ալիքը շատ մեծ է, յուրաքանչյուր մարդ, գոնե իր հոգու խորքում դժգոհ է, որովհետև այսօր դրված է պետության կործանման կամ գոյատևման հարցը։

«Այս ամենը նույնիսկ ավանակը կարող է զգալ։ Ի՞նչ է մնում անել շարժմանը, գնալ ԱԺ-ն ու Կառավարությունը փակե՞լ, այլընտրանքը սա է, կամ էլ ժողովուրդը հավաքվում է, մի 2-3 օր համընդհանուր կանգնում է, ինչից հետո իշխանությունը ստիպված կհեռանա։ Բայց այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չի գնա։

Կարդացեք նաև

Սրբազանն իր էությամբ բռնության գնացող չէ, ոչ էլ մեր ժողովուրդը, չեն ուզում արյուն թափել, բայց փոխարենը՝ իշխանությունն է դրան գնում. հիշեք հունիսի 12-ի դեպքերը, որ ուղղակի ռմբակոծում էին այն հատվածները, որտեղ սովորական քաղաքացին էր կանգնած։ Շատ ժողովուրդ դուրս գա փողոց, Նիկոլ Փաշինյանն արյուն է թափելու, իշխանություն չի տալու։ Մինչև վերջին պահը Նիկոլը գնդացիրը վերցնելու է, իջնի փողոց ու սկսի գնդակահարել ընդդիմացողներին, սա լինելու է։ Դրա համար եմ ասում՝ եթե հազարներով մարդիկ դուրս գան փողոց՝ Նիկոլը ստիպված կլինի հեռանալ, այսինքն՝ փախչել, իսկ նրանց փախչելու ժամանակ պետք է փակեն «Զվարթնոցը»։

Հիշեք, թե 2018 թվականին ինչպես հանկարծ բոլորը դուրս եկան, պա՞րզ է, չէ՞, որ գործում էին հեղաշրջումների հատուկ տեխնոլոգիաները և այդ տեխնոլոգիաներն աշխատում էին դրսից»,- հավելեց մեր զրուցակիցը։

Բայց այսօր հասարակության մի մասը դժգոհ է, սակայն փողոց դուրս չի գալիս, կակտիվանա այն ժամանակ, երբ Սյունիքի, Գեղարքունիքի կամ այլ տարածքի մի մասը զիջեն, այդ ժամանակ արդեն ուշ է լինելու։

«Հայի համբերությունը հիվանդագին է, նախապես չի կանխում վտանգը, ամեն ինչ լինում, ավարտվում, ավերվում է, նոր ոտքի է կանգնում։ Բայց սա ճիշտ պահն է, որպեսզի օրը 24 ժամ ակտիվ պահեն ամբողջ Հանրապետությունը։ Հակառակ դեպքում, ժողովուրդը մի քանի օր ընդմիջումներով կհավաքվի հրապարակում, իսկ իշխանությունն իր սև գործը կանի, հիմա «անկլավների» հերթն է։ Սրանք ամեն անգամ ավերելու, ոչնչացնելու գնով մնում են իշխանության։ Իսկ երկիրը դրա արդյունքում ավելի թուլանում ու խոցվում է, առաջիկայում մեզ ավելի ծանր վիճակ է սպասվում, քան հիմա կա, կամ երեկ եղել է։

Գիտե՞ք, Նիկոլը, Ալիևը շատ մեղմ են արտահայտվում, բայց նրանցից զատ, ուղիղ ասողներ կան՝ մեզ սպասվում է ցեղասպանություն։ Օկամպոն քանի անգամ ասել է, ինչ եղավ Արցախում՝ լինելու է Հայաստանում, դառնալու է «Արցախ-2», էլ ինչպե՞ս ասենք։ Օկամպոն եկավ-հասավ Երևան, ասաց՝ շարժվեք տեղներից, ցեղասպանվելու եք, բայց հանգիստ նստած են։ Թուրքը երբեք այդքան լավ «ղասաբ» չի եղել, մենք ենք լավ ոչխար եղել՝ ստիպված եմ ուղիղ ասել։ Տեսանք, էլի, ուղիղ մեկ տարի առաջ Արցախում ցեղասպանություն էր, մենք այստեղ «կայֆերի» մեջ էինք։ Եղբորդ են սպանում, խլում են տարածքը, որը բոլոր առումներով մեզ համար կարևոր նշանակություն ունի, այստեղ ժողովուրդն անտարբեր, կարծես հյուսիսային բևեռում ուղղակի սառույցներ էին շարժում, որը մեզ հետ առնչություն չունի»,- շեշտեց Հուսիկ Արան։

Նա վստահ է՝ քանի մարդկանց գրպանին ու ստամոքսին չեն կպել՝ անտարբեր են մնալու այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի ունեցել լավ առաջնորդ։

«Իմացեք՝ երկրի լավ կամ վատ լինելն առաջնորդից է կախված, լավ երկիրը լավ առաջնորդ է ունենում։ Մեկ կամ մի քանի անհատներ ստանձնելով երկրի ղեկը՝ որոշում են այդ երկրի ճակատագիրը։ Այս մարդիկ 2018 թվականին եկան ու մեզ հասցրեցին այս վիճակին, երբ չկային, մենք ուրիշ հոգեբանություն ունեինք։ Առաջին հերթին մեզ պետք են նորմալ ղեկավարներ, որոնք երկիրը կտանեն ճիշտ հունով՝ իմանան՝ ինչպես են վարվում բարեկամների ու թշնամիների հետ։

Իհարկե, կան անհատներ, որոնք կարող են լինել երկրի առաջնորդ, բոլորը հիմար չեն, հիմա ավելի փորձված մարդիկ կան, քան 100 տարի առաջ էր։ Բաժանել են նախկինների ու ներկաների, նախկիններին վերցրել են խոշորացույցի տակ, ուղղակի «բոբո» են սարքել, ու մարդիկ չեն ուզում լսել այդ անունը։ Բայց ուզած-չուզած, եթե Բագրատ սրբազանը Կառավարություն կազմի, չի կարող, չէ՞, բացառապես Էջմիածնի հոգևորականներից այն ձևավորել։ Պետք է, չէ՞, մարդկանց ընտրի, չգիտեմ՝ դատավոր է, դատախազ է, նախարար է, ում ընտրի, կասեն՝ նախկին է, կապելու են Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, լավ, բա ի՞նչ անեն, երեխաներ բերե՞ն, որ նախկին չեն, թե՞ կենդանիների։ Այս քարոզչությունը ժողովրդին հասցրել է ֆանատիզմի, ում նայում ես, ասում են՝ նախկին է, ախր այդ նախկինները երկիր չեն կործանել։ Իհարկե, կային վատ արատներ, ինչպես բոլոր երկրներում, բայց երկիրը չէին կործանում»,- եզրափակեց  Հուսիկ Արան։

Տեսանյութեր

Լրահոս