Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցում երեխաների մոտ 70 տոկոսն անվճար կրթություն կստանա. Ռուբեն Վարդանյան

Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցում երեխաների մոտ 70 տոկոսն անվճար կրթություն կստանա, քանի որ դա ոչ թե կոմերցիոն, այլ բարեգործական նախագիծ է։ Այս մասին ասել է «Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար, Sberbank SIB-ի համաղեկավար, «Դիլիջան» միջազգային դպրոց նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ Ведомости-ին տված հարցազրույցում:

 

««Դիլիջան» նախագծում, որ ես ու կինս իրականացնում ենք Հայաստանում, երեխաների 70 տոկոսն անվճար կրթություն է ստանալու, քանի որ նրանց վճարումներ են արվելու մասնավոր կարգով հավաքված կրթաթոշակային ֆոնդից: Մեզ համար դա ոչ թե կոմերցիոն, այլ բարեգործական նախագիծ է»,- ասել է Վարդանյանը՝ նշելով, որ այսօր բազմամշակութային դաստիարակությունը կրթության կարևոր բաղադրիչ է դառնում, իսկ ինքը՝ համակարգը՝ ոլորտ, որտեղ մեծ գումար է ներդրվում՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր:

 

Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցը կդառնա Հայաստանի և ԱՊՀ տարածքի առաջին էլիտար դպրոց-պանսիոնը: Այնտեղ սովորելու են 13-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Դպրոցի կոնցեպցիան ենթադրում է բարձր ակադեմիական ուսում, ընդհանուր իդեալներ և կյանքի ուղղորդիչներ ունեցող ստեղծագործ, պատասխանատու անձանց ձևավորում: Այստեղ ուսուցումը վարվելու է անգլերենով, արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից:

Նախագծի իրականացումը համակարգում են նաև մասնագետներ՝ Անգլիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հայաստանից և Ռուսաստանից:

 

Ռուբեն Վարդանյանն ու իր տիկինն այս նախագիծը ներառել են հայկական գյուղերի և քաղաքների վերածնման նախագծերի շարքում: Նախատեսվում է, որ մինչև 2020 թ. դպրոցում 600 երեխա կսովորի, նրանցից 200-ը՝ ՀՀ քաղաքացիներ:

Tert.am

Տեսանյութեր

Լրահոս