Բանդայի գործով վկան հաստատեց. մահացածը դեպքից առաջ 5-8 բջջային հեռախոս է վաճառել
Բանդայի գործով այսօրվա դատական նիստում վկա Աշոտ Մուրադյանը հաստատեց, որ Գուրգեն Հայրապետյանի մահվան դեպքից առաջ երկու ամսվա ընթացքում 5-8 բջջային հեռախոս է վաճառել վերջինիս: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա: Գ.Հայրապետյանը, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Վկա, տուժող Նապոլեոն Ազիզյանի նախկին փեսա Արամ Իոսիֆյանը հայտնեց, որ Ն.Ազիզյանը հեռախոսազանգի միջոցով խնդրել է իրենց տուն գալ: Տեղ հասնելով՝ տեսել է գետնին թափված նկարների շրջանակներ ու խրձով սոսնձվող ժապավեններ: Իրեն ասել են, որ ավազակային հարձակում է եղել իրենց տան վրա, ինքն էլ զանգահարել է ոստիկանություն և հայտարարություն արել դեպքի մասին:
Դատարանում հրապարակվեցին նաև դատարան ներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները: Ըստ Հայկ Հակոբյանի ցուցմունքի՝ ինքը ճանաչել է Գուրգեն Հայրապետյանին՝ նա իր ընկերոջ հորեղբայրն է: Նրա և Դավիթ Գալստյանի հետ՝ վերջինս ներկայանում էր որպես Արթուր, գնացել է նրանց համար տուն վարձակալելու՝ պայմանագիրը կնքվել է վկայի անձնագրով, քանի որ Գ.Հայրապետյանի անձնագիրը գտնվում էր անձնագրային ծառայությունում: Ըստ վկայի՝ ինքը հիշյալ տանը տեսել է Գ.Հայրապետյանին ու Դավիթին, ևս մեկ հոգի կար տարածքում, որին չի տեսել, սակայն այդ մասին իմացել է, երբ Գ.Հայրապետյանն ասել է՝ «գնա, քնից հանի, որ հաց ուտի»:
Ըստ վկայի՝ գործով տուժողներին չի ճանաչում, գործի նյութերով ֆիքսված ավազակային հարձակումների օրերին տանն է եղել կամ աշխատել է՝ նա «SAS» խանութների ցանցի բազայի մենեջեր-առաքիչ է:
Ըստ դատարանում հրապարակված ընթերակա Արմեն Սուքիասյանի նախաքննական ցուցմունքի՝ ինքը տեսել է, թե ինչպես ամբաստանյալ Արման Դալլաքյանի գրպանից, մասնավորապես, թմրամիջոց են հանել: Պաշտպանական կողմը պնդեց, որ վկան անպայման դատարանում ևս ցուցմունքներ տա: Պաշտպանական կողմի կարծիքով կասկածելի է, որ Վարդենիսից բերման ենթարկված Ա.Դալլաքյանը խուզարկվել է ոչ թե Վարդենիսում, այլ Երևանում:
Այսօրվա դատական նիստն որոշ ժամանակով ընդմիջվեց ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջության վատթարացման պատճառով՝ ըստ ամենայնի զգացնել տվեցին արյան ճնշման հետ կապված խնդիրները: Հրավիրված շտապօգնության բժիշկները նրան բուժօգնություն ցույց տվեցին, ապա արձանագրեցին, որ ամբաստանյալի առողջական վիճակը բավարար է, և նա կարող է մասնակցել դատական նիստին: