Սարգիս Ասատրյան. Սերժ Սարգսյանը գիտի, որ թանը մածունից հետո է
«Երևի ճիշտ է ինքն ասում, որ մասնավոր այցով էր գնացել Մոսկվա: Երևի գնացել էր Մոսկվայի օդը շնչելու: Մոսկվայի օդը շատ լավն է, և շատ օգտակար կլիներ, որ պարոն Հովհաննիսյանը մի քանի օր էլ մնար, ռուսական բորշչ ուտեր, որովհետև ռուսական բորշչն ավելի համով է, քան ամերիկյան «Մակդոնալդսի» համբուրգերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը՝ արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցին:
Հիշեցնենք, որ Սարգիս Ասատրյանը Հայաստանի երիտասարդական կուսակցության (2011թ. վերջնականապես լուծարված) հիմնադիր նախագահն էր: Երբեմնի կուսակցական գործիչը, ով Հայաստան էր եկել Սերժ Սարգսյանի երդմնակալության առիթով՝ համոզված է, որ Հայաստանն ունի վերընտրված նախագահ՝ Սերժ Սարգսյան, և դա քննարկման առարկա չէ: «Թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ Ռուսաստանի իսթեբլիշմենտը, նաև Ռուսաստանում ապրող հայերը, ովքեր Ռուսաստանում գործունեություն են ծավալում, գումար են աշխատում, բոլորը մինչև ընտրությունն իրենց նախընտրությունը չեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, տվել են Սերժ Սարգսյանին: Իրեն աջակցել են, ընդունել են, ընտրել են նախագահ: Ի՞նչ իմաստ ունի Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո՝ գնալ դռան մոտ կանգնել»,- տարակուսեց Սարգիս Ասատրյանը:
Պաշտոնական տվյալներով՝ 2013թ. փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը Սարգիս Ասատրյանը չի կարողանում կանխագուշակել, քանի որ համոզված է, որ դրանք չեն տեղավորվում քաղաքագիտության շրջանակներում: Մեր այն դիտարկմանը, թե արևմտամետ համարում ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցը կարելի՞ է դիտարկել իբրև փաստ, որ բոլոր քաղաքական գործիչներն իրենց հաջողությունն, այնուամենայնիվ, կապում են Ռուսաստանի հետ, Սարգիս Ասատրյանն այսպես արձագանքեց. «Պարոն Պուտինը թիվ մեկ քաղաքական գործիչն է աշխարհում, դա բոլորը թող ականջներին օղ անեն մեկընդմիշտ»:
Սարգիս Ասատրյանը համոզված է, որ միայն «տգետը» չի կարող հասկանալ, որ Ռուսաստանն է Հայաստանի թիվ մեկ գործընկերը, այնպես որ՝ այդ տեսանկյունից տրամաբանական կարելի է համարել Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը:
Մեր այն հարցին, թե տրամաբանական և օրինաչափ է նաև ա՞յն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կատարեց Մոսկվա, Սարգիս Ասատրյանն այսպիսի պատասխան տվեց. «Սերժ Սարգսյանը շատ խելացի մարդ է: Ես իրեն ճանաչում եմ, ինքը իսկապես խելացի մարդ է, որևէ մեկը չի կարող ասել, որ Սերժ Սարգսյանը խելացի չէ: Ինքն ընտրված է, ժողովրդի կողմից քվե է ստացել, և հարց չպետք է լինի՝ ինչո՞ւ է սա անում: Ինքը լավ էլ գիտի՝ ինչը ինչից հետո է, Սերժ Սարգսյանը գիտի, որ թանն է մածունից հետո»: