Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց. Շահրամանյանը՝ Արցախի հանձնումը հաղթանակ համարող ՀՀ իշխանությանը

Արցախի կորստից մեկ տարի անց ՀՀ իշխանությունները շարունակում են Արցախի կորստի մեջ մեղադրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրելու համար:

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձավ նախ մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած իրադարձություններին, ապա՝ ՀՀ իշխանությունների հայտարարություններին:

«Այս օրը մեր հիշողության մեջ կմնա որպես օր, երբ 10 ամիս շրջափակման հետևանքով, այնուհետև 4 ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմել է ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ: Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր նահատակներին, մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, իրենց ընտանիքները»,-ասաց նա:

Սամվել Շահրամանյանը նշեց, որ նախորդ տարի Արցախում ռազմական գործողությունների արդյունքում բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը. «Մենք մշտապես մեր հիշողություններում ունենալու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը և հնարավորություն են ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից և խուսափել ավելի բարդ և ծանր հետևանքներից»:

Կարդացեք նաև

Արցախի նախագահը նշեց, որ մեծ ցավով է լսում այդ թվում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Արցախցիները հյուր են ՀՀ-ում», Ա«րցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ հաղթանակն է» և այլն. «Ես մեծ կասկածներ ունեմ, որ ՀՀ կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և ՀՀ ժողովուրդն է այդպես մտածում: Ես ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց: Իմ կարծիքով՝ իրենք պետք է պատասխան տան ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ձևավորել են իշխանությունները և այդ հարցը պետք է ուղղել հենց իրենց»:

Սամվել Շահրամանյանը նկատեց՝ բոլորն ականատես են ինչ տեղեկատվական տեռոր է ՀՀ-ում. «Մինչև ՀՀ-ում չկարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, լրագրողական գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվությունը…. Ես ուզում եմ դիմել ԱԺ-ին, Դատախազության, ուժային կառույցներին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխություններին, որը հնարավորություն կտա պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում ապրող բոլոր անձնանց»,-ասաց նա ընդգծելով, որ միայն իշխանության յուրացման խմբի վերաբերյալ տարածված տեղեկատվության մեջ չէ արցախցիների անունը շրջանառվում, նրանց վերաբերյալ տեղեկություններ են տարածում նաև ֆինանսական, ծանր հանցագործությունների վերաբերյալ:

Նա հորդորեց ՀՀ ուժային կառույցներին բացահայտել այդ տեղեկատվությունների իսկությունը և հավաստի լինելու դեպքում տալ իրավական գնահատական:

Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է Արցախի լուծարումից հետո շարունակել մնալ Արցախի նախագահի պաշտոնում, նա պատասխանեց. «Ձեր հարցին բազմիցս հնարավորություն եմ ունեցել պատասխանել, նորից չեմ ուզում անդրադառնալ դրան: Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ՝ կլսեն, ովքեր ուզում են տեսնել Արցախը՝ կտեսնեն: Այն մարդիկ, ովքեր չեն ուզում, ուզում եք՝ այս հարցին 10-20 անգամ պատասխանեմ, մեկ է՝ այդ նույն հարցերը դուք շարունակելու եք պնդել և տալ: Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս