Բաժիններ՝

Փյունիկ ակումբի հետ տեղի ունեցողին արժե թերևս նայել ոչ միայն ֆուտբոլային աչքով․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Փյունիկ ակումբի հետ տեղի ունեցողին արժե թերեւս նայել ոչ միայն ֆուտբոլային աչքով:

Ի վերջո, ժամանակակից աշխարհում ֆուտբոլը տնտեսության մաս է, ընդ որում տնտեսության մեծ մաս է, ֆուտբոլը ժամանակակից աշխարհում մի մեծ ինդուստրիա է:

Իհարկե Հայաստանում պատկերը զգալիորեն այլ է, բայց կարծում եմ, որ նշաձողը պետք է լինի հենց դա: Իսկ դրա համար շատ կարեւոր է թերեւս, որ ֆուտբոլի հանդեպ հայացքը չլինի զուտ ֆուտբոլային: ֆուտբոլի համակարգային զարգացումը մարզական բաղադրիչից զատ պահանջում է այսպես ասած տնտեսագիտականը, մարկետինգայինը, այլ կերպ ասած այն, ինչ պահանջում է տնտեսության ցանկացած ճյուղի զարգացման խնդրի լուծումը:

Այդ տեսանկյունից, Փյունիկի պատմությունը խնդրահարույց է ոչ միայն զուտ ֆուտբոլային-մարզական տեսանկյունից՝ երբ ֆեդերացիայի հետ կոնֆլիկտը բերում է նրան, որ սեփականատերը հայտարարի ակումբը վաճառելու եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլից դուրս գալու մասին:

Այն խնդրահարույց է ընդհանրապես ներդրումային, տնտեսական տեսանկյունից: Թիմի սեփականատերը ներդրող է, փող է ծախսում պրոֆեսիոնալ ակումբի, հետեւաբար որոշակկի իմաստով նաեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ինդուստրիայի համար: Ու փաստացի ստացվում է, որ ֆեդերացիան կոնֆլիկտով հասցնում է մի վիճակի, որ սեփականատերը դուրս գա պրոֆեսիոնալ ֆուտբոլից:

Հիմա գանք հակառակ ծայրից: Եթե Փյունիկի սեփականատիրոջ համար կոնֆլիկտը պարզապես պատրվակ է տաևբեր այլ պատճառներով ֆուտբոլից դուրս գալու մտադրությունն իրագործելու համար, ներկայանալով որպես «զոհ», ապա դա իհարկե վատ է, բայց այդ դեպքում ֆեդերացիան պարզապես նրան չպետք է տար այդ «հնարքը» կիրառելու առիթը, եթե դա հնարք է: Մինչդեռ, բավականին նկատելի էր, որ ֆեդերացիան եթե անգամ չի տվել պատճառը, ապա առիթը տվել է բավականին:

Այլ կերպ ասած, ըստ էության տեղի է ունենում տնտեսական գործընթաց՝ պրոֆեսիոնալ ակումբի սեփականատիրոջ փոփոխություն, որը հասունացել է ոչ տնտեսական տրամաբանությամբ ու ոչ տնտեսական մշակույթով:

Ըստ իս, սա ոչ միայն ֆուտբոլային անցանկալի ազդակ է, այլ նաև տնտեսական-ներդրումային:

Իսկ Հայաստանը այնպիսի շրջափուլում է և այնպիսի պայմաններում, որ տնտեսական բնականոնության ու առողջության հարցում ամենափոքր դետալն անգամ պահանջում է զգայունություն ու զգոնություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս